Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամենքն զգացվեցին։ Իմ հոգուն տիրել էր մի անսովոր ջերմություն։ Ցուրտը ինձ համար անզգալի էր դարձել, ես ամբողջովին հափշտակվել էի Սանթուրյանի վառվռուն խոսքերով և նրանց խոր իմաստով։

— Տեր աստված, ո՛րքան պերճախոս է, ո՛րքան կրակ կա այդ մարդու սրտում, և ո՛րքան ուժ նրա ձայնի մեջ, մտածում էի ես:

Ես արտասվեցի, նաև մի քանի ուրիշները, բայց ոչ Զարիֆյանը:

Հանդեսը վերջացավ և մենք, Սանթուրյանի խոսքերի խորին տպավորության տակ, վերադառնում էինք տուն։

— Դուք կարող եք պարծենալ ձեր հայրենակցով, նա տաղանդ է,— ասաց ինձ մի լեհացի ուսանող։

Այո՛, ես անկեղծ պարծենում էի իմ հայրենակցով։ Եթե նա յուր դամբանականը գրեր, մի սքանչելի էպոպեա դուրս կգար, եթե արտասաներ մի մեծ հանդիսում- հազարավոր քարացած սրտեր կշարժեր։ Նա տաղանդ էր, և անխառն, ինքնուրույն տաղանդ։

— Լավ խոսեց մեր հայրենակիցը, բայց խոսողը նա չպիտի լիներ,— դարձավ ինձ Զարիֆյանը։

— Ինչո՞ւ նա չպիտի լիներ։

— Այնտեղ գրեթե բոլորը գիտեն նրա հոր պատմությունը։

— Ի՞նչ պատմություն, ի՞նչ եք ասում,— գոչեցի ես հետաքրքրված։

— Է՛հ, ուրեմն ձեզ հայտնի չէ։ Նրա հայրը բանտումն է․ ո՞վ գիտե, գուցե շուտով աքսորվի...

— Ի՞նչ հանցանքի համար։

— Կարծես կովկասցի չեք և հայ։ Միթե չե՞ք կարդացել Սարգիս Սանթուրյանի դատը՝ յուր ապահոված տունը կրակ գցելու մասին։ Այդ դատը ահագին աղմուկ հանեց։ Նրա մասին գրեցին նույնիսկ այնտեղի և Պետերբուրգի մեծ լրագրերը։

Ահա ինչ։ Ես մտաբերեցի, թե ինչու Սանթուրյան ազգանունը ինձ ծանոթ էր թվում։ Արդարև, այդ դատը աղմուկ էր հանել։ Մի քանի հրապարակախոսներ Սարգիս Սանթուրյանին