Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցույց էին տվել իբրև ազգային ընդհանուր տիպար և այս հիման վրա հարձակողական հոդվածներ գրել ամբողջ հայ ազգի դեմ, Սանթուրյան ազգանունը դարձել էր նախատական մակդիր հայերի մեջ, մանավանդ «ազգասերների» շրջանում։

Զարիֆյանի խոսքերի մեջ ես զգացի մի տեսակ սատանայություն։ Բայց եթե նա, մեր ընկերոջ ընտանեկան տխուր պատմությունն ինձ հիշեցնելով, ուզում էր իմ մեջ արհամարհանք զարթնեցնել՝ չարաչար սխալվում էր։ Ես այնուհետև սկսեցի ավելի սիրել Սանթուրյանին։

Այժմ ես այցելում էի նրան գրեթե ամեն օր և միշտ զբաղված էի գտնում։ Նա իսկույն գործը թողնում էր և սկսում ինձ հետ զրուցել։

Հազիվ էր պատահում, որ նա հոգով քիչ թե շատ անվրդով լիներ, միշտ հուզված, միշտ շփոթված։ Ամեն մի անարդարություն, թե՛ առհասարակ կյանքի մեջ և թե ընկերների շրջանում, պղտորում էր նրա սիրտը։ Իսկ անարդարություններ շատ էր տեսնում և միշտ հանդիսանում էր պաշտպան հարստահարվածին, զրկվածին, թույլին և խեղճին։ Մի անգամ ինձ մոտ կարդաց, թե ինչպես Խարկովում մի կին տանջել է յուր խորթ աղջկան և սպանել և սկսեց երեխայի պես հեկեկալ։

Նա չէր խոսում միայն յուր հոր մասին, և այս հանգամանքը ինձ թվում էր միակ սև գիծը նրա անհերքելի ազնվության մեջ։

Շուտով ես իմացա, որ նրա հայրենակից ուսանողներից շատերը աշխատում են փախս տալ նրանից, անպատված ու ապականված համարելով Սանթուրյանի ազգանունը։ Եվ ոմանք այդ համարում էին հայրենասիրություն։ Թող, ասում էին, օտարները հասկանան, որ մենք էլ գիտենք պատմել մեր հասարակության մեջ երևացող ախտերը։

— Նա ինքը վատ տղա չէ, բայց շատ է պաշտպանում հորը, ասում էր մեկը։— Նա ազգային հպարտություն չունի։

— Եթե նա լավ մտածեր, վաղուց հրաժարված կլիներ հորից— ասում էր մյուսը։

— Նա ինքը առաջինը պետք է ապտակեր նրան,— գոռում էին ավելի արմատականները։