Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապտակել հարազատ հո՜րը։ Օ՜օ, երիտասարդություն, երիտասարդություն։ Բարոյականության այդ անողոք ասպետներից շատերը այժմ կյանքի մեջ են։ Եվ ի՜նչ, դեռ երեկ նրանցից մեկին տեսա դատարանում՝ փրփուրը բերանին մի բանկ կողոպտած պարոնի պաշտպանելիս։

Ես նկատում էի, որ ընկերների այդ խիստ վարմունքը ազդում է Սանթուրյանի վրա, և ազդում է շատ ծանր։ Նա այնքան ինքնասիրություն ուներ, որ ինքն էր փախս տալիս ամենից, ոչ ոքի չէր այցելում, և ոչ ոքի էլ չէր ուզում ընդունել իր մոտ։ Միայն Զարիֆյանը նրա հետ գեթ արտաքուստ բարեկամություն ուներ։ Այդ մարդը քանի-քանի անգամ իմ ներկայությամբ օգտվել էր Սանթուրյանի բարեկամությունից։ Մինչդեռ ես մի անգամ չտեսա, որ նա գեթ ամենաթույլ կերպով պաշտպաներ Սանթուրյանին յուր ընկերների մոտ։

IV

Մի անգամ, իրիկնադեմին, մտնելով Սանթուրյանի սենյակը, տեսա, որ նա, գլուխը սեղանի վրա դրած, հեկեկում է։ Ես շփոթվեցի, կամեցա ետ դառնալ։ Բայց նա արդեն լսել էր իմ քայլերի ձայնը, հետ նայեց, և ես մնացի սենյակում։ Նա շտապով սրբեց աչքերը և ոտքի կանգնեց։

— Ներեցեք տարաժամ այցելությանս համար,— ասացի ես։

— Օօ, ոչ, տարաժամ չէ, ուրախ եմ, որ եկաք։ Նստեցեք, խնդրեմ, ոչի՜նչ, մի քիչ հուզված էի, ինձ հետ շատ է պատահում։

Այո՛, շատ էր պատահում, բայց ի՞նչ էր այս անգամ առիթը։ Ես կամեցա անպատճառ իմանալ։ Նա միայնակ էր, գրեթե բոլորովին միայնակ, օտար երկրում, օտար շրջանում, և ես անկեղծ կամենում էի նրան սփոփել։

— Ատում եմ կյանքը,— գոչեց նա, արագ-արագ անցուդարձ անելով սենյակում,— մարդիկ չար են, չափազանց չար։ Ի՞նչ ենք արել, որ մեզ հալածում են.... Միթե մեղավո՞ր ենք, որ սիրում ենք մեր հորը... Միթե դատավորները ամենագե՞տ