Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսքան կողմնապահ եմ իմ հոր վերաբերմամբ։ Գուցե մտածում եք. «ահա մի մարդ, որ ամենափոքր անարդարության դեմ բողոքում է, յուր հորը վերաբերվում է ներողամտաբար»։ Իրավունք ունիք այսպես մտածելու, այդ բնական է։ Բայց նախ՝ ինձ համոզեցեք, որ իմ հայրը հանցավոր է, երկրորդ՝ ցույց տվեք ծնողին ատելու միջոցը։ Ասացեք, ի՞նչպես սառնարյուն մնամ, երբ տեսնում եմ, որ ամենքը դատապարտում են նրան, գուցե նույնիսկ իսկական հանցավորները։ Լսեցե՛ք, ես ձեզ մի բան ասեմ. աստծուն է հայտնի, եթե դատապարտվածը լիներ բոլորովին օտար և անծանոթ մի մարդ, էլի ես նրան չէի մեղադրիլ․ հենց միայն այն պատճառով, որ բոլորը նրան մեղադրում են։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև իմ մեջ կա մի բան, որ միշտ ինձ դրդում է ընդհանուրի դեմ գնալ, չենթարկվել ուրիշների կարծիքին։ Ես ատում եմ ոչխարային բնազդները։ Հասկացե՛ք, ինչպես կամենաք․․․

Նա չէր կեղծում։ Արդարև, շատ անգամ նա անում էր այն, ինչ որ հակառակ էր ընկերների կարծիքին։ Նա սեղմում էր այնպիսիների ձեռը, որոնք այս կամ այն պատճառով արհամարհված էին։ Եվ ես նկատում էի, որ այս հանգամանքը անհամեմատ ավելի էր գրգռում ուսանողներին, քան նրա ազգանվան արատը։ Ինձ թվում էր, որ շատերն են իրանց սրտի խորքում հարգում նրան, թեև արտաքուստ ցույց են տալիս ատելություն, և թե նա ինքը շատերին արհամարհում է և այդպիսով գրգռում նրանց յուր դեմ։ Նա ոչ ոքից չէր թաքցնում յուր իսկական զգացմունքներն ու կարծիքները։ Նա ամենքի երեսին ասում էր այն, ինչ որ մտածում էր։ Եվ այդ ոչ ոքի դուր չէր գալիս։

— Նա ծաղրում է մեզ, չի ուզում ենթարկվել մեր ընկերական շրջանի սկզբունքներին, ասում էին շատ ուսանողներ։

Մի կիրակի առավոտ ես մտա Սանթուրյանի մոտ մի գիրք խնդրելու։ Նա կուրծքը սեղանին սեղմած, շտապով գրում էր։ Ինձ տեսնելով, նա ձեռագիրը արհամարհանքով շպրտեց մի կողմ։ Արդեն մենք այնքան մտերմացել էինք, որ խոսում էինք «դու»-ով։

— Ի՞նչ էիր գրում,— հարցրի ես։