Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հիմար բան։

Ես հեռվից նայեցի ձեռագրին, և իմ հետաքրքրությունը շարժվեց։ Դա ոտանավոր էր. մի բան, որ ես իսկի չէի սպասում Սանթուրյանից։ Ես ձեռս մեկնեցի թուղթը վերցնելու, նա բռնեց իմ թևը ասելով.

— Սպասի՛ր, եթե ուզում ես, կտամ ավարտվածները, կարդա՛ և ծիծաղի՛ր․․․

Նա սեղանի դարանից հանեց մի քառածալ տետր կարմիր փաթեթի մեջ։ Տետրի ճակատին խոշոր տառերով գրված էր «Կրակ»։ Դա նրա վերնագիրն էր։ Ես կարդացի մի քանի տող բարձր ձայնով, բայց նա, ականջները փակելով, երեսը դարձրեց և խնդրեց, որ մտքումս կարդամ։ Կարդացի մի ընդարձակ ոտանավոր, հետո մի ուրիշը, երրորդը, չորրորդը։ Ասում են ճաշակները տարբեր են լինում․ գուցե իմ ճաշակը ամենաանկիրթներից է կամ փչացած, բայց ես մինչև այսօր էլ հիշում եմ, որ այն օրը առաջին անգամ հուզվեցի, մի հայերեն գրվածք կարդալով։ Դա վշտացած հոգու մի բուռն և անզուսպ բողոք էր հասարակության եսամոլության դեմ. դա մի թանձր և մահաբեր թույն էր, որ ժայթքում էր մի տառապող սրտից։ Հուրը այրվում էր անհատի ներսում և անհատը, ինքն իրան ուտելով, ոչնչանում։ Որքա՜ն զգացմունքի խորություն, հոգեբանական նրբություն, պատկերների կենդանություն, զայրույթ և կատաղություն կար այդ ոտանավորների մեջ։

Ես հուզվեցի և հիացած նայում էի նրա հեղինակին։ «Ահա, ուրեմն, ինչումն է կայանում քո տաղանդը», մտածում էի ես, նայելով նրա մելամաղձոտ դեմքին։

— Ե՞րբ պիտի հրատարակես — ասացի ես։

— Հրատարակե՞լ,— կրկնեց նա,— երբե՛ք։

— Ինչո՞ւ։

— Միթե ամեն խզբզանք կարելի՞ է հրատարակել։

— Բայց դա խզբզանք չէ։ Ո՛չ, Սանթուրյան, դու, իմ կարծիքով, տաղանդ ես և խոշոր տաղանդ։

— Հեշտ մի՛ արտասանիլ այդ բառը ասաց նա, գլուխը հեգնաբար շարժելով և քթի տակ ծիծաղելով։— Տաղա՞նդ, չէ , հանճար․․․ Ես գրել եմ ինձ համար, ի՞նչ իրավունք ունիմ իմ սեփական զգացմունքները ուրիշի վզին փաթաթել։