նստել է Ադելաիդայից հեռու և չի խոսում նրա հետ։ Իսկ օրիորդը, գլուխը կրծքին թեքած՝ տխուր նայում է սփռոցին, չի ուտում, միայն ձևի համար է մեզ հետ նստել։ Զարիֆյանը նստած էր նրա հանդեպ և յուր հայացքը չէր հեռացնում նրանից։ Դժվար էր կարդալ այդ մարդու դեմքի վրա նրա հոգու շարժումները։ Նա չգիտեր ոչ ամոթից կարմրել, որովհետև միշտ կարմիր էր, ոչ բարկությունից գունատվել և ոչ ուրախությունից ոգևորվել։
Հետևյալ և երկրորդ օրը Սանթուրյանը դարձյալ Ադելաիդայից հեռու էր նստել, դարձյալ օրիորդը տխուր էր և դարձյալ Զարիֆյանը դիտում էր նրան։ Իսկ չորրորդ օրը Ադելաիդան ճաշի չեկավ։ Իմ հետաքրքրությունը շարժվել էր. կամենում էի իմանալ այդ լուռ տեսարանների պատճառը։ Զգում էի, որ անշուշտ մի անախորժ բան է պատահել։
Հենց այդ օրը երեկոյան Սանթուրյանը պղտորված մտավ իմ սենյակը։
— Էլի ի՞նչ է պատահել,— հարցրի ես։
— Դժբախտություն. օրիորդը ինձանից խուսափում է։
— Ինչո՞ւ։
— Հենց այդ «ինչուն» է ինձ հետաքրքրում։ Դու պետք է ինձ օգնես պատասխանը գտնելու։
— Ե՞ս։
— Այո՛։ Դու պետք է նրանից բացատրություն պահանջես։
— Ինչո՞ւ ինքդ չես պահանջում։
— Նա ինձ ոչինչ չի ասում։ Նա ինձ հետ չի ուզում խոսել։
— Ահա՛ ինչ...
— Այո՛, նա ինձ տեսնելիս՝ երեսը շուռ է տալիս։
— Էհ, շատ լավ, դու էլ քո երեսը շուռ տուր։
— Հետո՞։
— Հետո դու քեզ համար, նա յուր համար։
Սանթուրյանը զարմացած նայեց աչքերիս։
— Դու կատա՞կ ես անում,— գոչեց նա։
— Իսկի՛ էլ չէ։ Ես չեմ հավանում քո սերը, եթե միայն պլատոնական չէ և այդպես էլ չպիտի մնա։