եթե քաջ եք, եթե գոնե մի կաթիլ անկեղծություն ունիք, եթե ձեր հոգին բոլորովին ստրկացած չէ բարեհաճեցեք պատասխանել այս հարցին. «ո՞րն է լավը. կնոջը ցեխի մեջ գլորե՞լը, թե՞ ցեխից հանելը...»։ Ես սպասում եմ պատասխանի...
Նա կանգնած էր դահլիճի մեջտեղում և նայում էր յուր շուրջը։ Նա ինքը հուզմունքից դողում էր, բայց ճիգ էր անում զսպել իրան և հաջող։ Նրա նիհար, գունատ, հիվանդոտ դեմքը խորին տրտմության հետ արտահայտում էր նաև հոգու անսահման անվեհություն։ Նա գեղեցիկ էր, գրավիչ և ազդու այդ րոպեին։ Բոլոր ուսանողները երբ այդ վայրկյանին ինձ թվում էին ոչնչություն։ Ես հիացած նայում էի նրան, մտքումս ծափահարելով նրա ամեն մի բառը։ Պատրաստ էի պաշտպանել նրան մինչև իմ արյան վերջին կաթիլը և սպասում էի, թե ով կհանդգնի ձեռք բարձրացնել կամ մի կոպիտ խոսք ասել նրան։
Բայց ամենքը լուռ էին և ապշած նայում էին նրան։ Դերերը փոխվել էին։ Նա, որ միշտ մեղադրվում էր և միշտ դատապարտվում, այժմ կարծես դարձել էր դատավոր և յուր անողոք հարցը դրած, սպասում էր պատասխանի։ Իսկ պատասխան չէր լսվում։ Ուսանողները նայում էին միմյանց երեսին։ Սրախոս պարոնը աշխատում էր ժպտալ, բայց շփոթված էր։ Ինձ համար այդ հասկանալի էր, նրա խիղճը մաքուր չէր, որովհետև նա մեկին արդեն «գլորել էր ցեխի մեջ»։
— Չե՞ք պատասխանում,— արտասանեց Սանթուրյանը, ձայնը բարձրացնելով,— լռո՞ւմ եք... Հասկանում եմ. որովհետև ձեզանից շատերի համար գուցե անհնարին է պատասխանել... Օ՜օ, ոչ ոքի չեմ ուզում դատապարտել, թեև դատապարտելու փաստեր ունիմ... Բայց, պա՛րոններ, բավական է։ Դուք հալածում եք ինձ, ես տանում եմ ձեր բոլոր վիրավորանքները։ Բայց հավատացե՛ք, դա ինձ համար այնքան վշտալի չէ որքան ձեր սխալ հասկացողությունը պատվի և պատվասիրության մասին։ Ուրիշ ոչինչ ասելիք չունիմ... Դա իմ վերջին հրաժեշտն է... Միրաբյան, կամենո՞ւմ ես ինձ հետ գալ...
Այս ասելով, նա քայլերը ուղղեց դեպի դուրս։ Ուսանողները ճանապարհ տվին նրան։