Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զսպեցի իմ արտասուքս և շրթունքներս կրծոտելով անցա ննջարան, նստեցի հիվանդի մոտ։

Այդ գիշեր մինչև լույս նա անցկացրեց շատ անհանգիստ։ Ադելաիդան ստիպված էր ամբողջ ժամանակ զբաղվել երեխայի հետ։ Ոչ ծծմայր ուներ, ոչ աղախին։

Հիվանդը ցնորքների մեջ էր, խոսում էր անկապ և թլվատ լեզվով։ Ես ստեպ-ստեպ փոխում էի նրա ճակատի սառը կոմպրեսը և ժամը մի անգամ դեղի գդալը մոտեցնում բերանին։

Հետևյալ առավոտ նա մի քանի ժամով ուշքի եկավ և սկսեց ինձ հետ զրուցել։ Նա խոսում էր յուր հոր գործի, մոր, եղբոր, քրոջ, Ադելաիդայի և նրա երեխայի մասին։ Որքան սեր և գուրգուրանք էին զգացվում նրա խոսքերի մեջ։ Իսկ Ադելաիդան յուր երախտագիտությամբ և անկեղծությամբ լի հայացքը չէր հեռացնում նրա երեսից։ Իմ բարեկամը հիվանդացել էր երեխայի պատճառով և այդ կրկնապատկում էր գերմանուհու սերը և վիշտը։

Իսկ հիվանդը հավատացած էր, որ շուտով, շուտով տաքությունը բոլորովին կանցնի, երեկոյան կամ վաղը ինքը ոտքի կկանգնի։ Նա սկսեց խոսել ուսանողների, համալսարանի, պրոֆեսորների և վերջին քննությունների մասին։ Նա շտապում էր շուտով ավարտել քննությունները և վերադառնալ հայրենիք Ադելաիդայի հետ։

— Ես համոզված եմ,— ասաց նա Ադելաիդային,— որ մայրս և քույրս քեզ պիտի շատ սիրեն...

Երբ Ադելաիդան անցավ մյուս սենյակ երեխային ծիծ տալու, նա խոսեց վերջին տեսարանի մասին համալսարանում։ Նա չէր մեղադրում յուր հակառակորդներին, միայն ասում էր, թե սահմանափակ խելքի և զարգացման տեր են, մտքի անկախություն և համոզմունքների քաջություն չունեն, ուրիշներից լսածները և կարդացածներն են թութակի պես կրկնում: Ներս մտավ դարձյալ Ադելաիդան: Հիվանդը խոսքը փոխեց և սկսեց յուր կնոջ հետ կատակներ անել, ծիծաղել։ Պահանջեց երեխային, նայեց երեսին և յուր բարակ, դեղնած մատների ծայրով քնքշաբար շոյեց նրա թավշամորթ այտերը։ Ադելաիդան այդ ժամանակ աշխատում էր ինձ չնայել...