Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զսպել մեր արտասուքը։ Հիվանդը պառկած էր երեսը դեպի պատը: Նրա գանգուր և սև մազերը, սպիտակ բարձի վրա սփռված, լամպի աղոտ լուսի ներքո մի չարագուշակ երևույթ էին ներկայացնում։

Նա նոր էր դադարել խոսելուց։ Նա շարունակ զառանցում էր յուր հոր դատի մասին։ Նա կրկնում էր, թե յուր հայրը անմեղ է։ Հավատում էր աստծու արդարադատությանը և ասում․ «Նա կօգնի իմ հորը, չի թողնիլ նրան անպաշտպան»։

Այո՛, պարոններ այդ մարդը միշտ հավատում էր աստծո գոյությանը։ Եվ այդ այն ժամանակ, երբ մեր ընկերների շրջանում ուրիշ հայացքներ էին տիրում։

Այժմ նա լուռ էր։ Անցան մի քանի ծանր, երկարատև ժամեր։ Հանկարծ վերմակը շարժվեց, Սանթուրյանը դժվարությամբ երեսը դարձրեց դեպի ինձ, փնտրելով իմ ձեռը։ Նա յուր թույլ և տակավին ջերմ ձեռով սեղմեց իմ աջը և արտասանեց․

— Չէ՛, վատ եմ... կուրծքս այրվում է...

Ես կարծեցի նա ջուր է ուզում։ Բաժակը մոտեցրի բերանին։ Նա հետ մղեց։ Նա նայեց դեպի սենյակի անկյունը այնտեղ, ուր վառարանն էր։

— Կրակ չկա, թող վառեն,— ասաց նա,— ցուրտ է։

Ադելաիդան իսկույն կատարեց նրա ուզածը և հինգ րոպե չանցած՝ կրակը սկսեց չթչթալով այրվել վառարանի մեջ։

— Հեռագիր չկա՞,— հարցրեց հանկարծ հիվանդը,— պիտի լինի...

— Նա յուր հոր գործի մասին հեռագրի էր սպասում․․․

— Անպատճառ կլինի,— ավելացրեց նա,— ուրախ հեռագիր...

Նա ձեռով նշան արավ, որ օգնենք նրան բարձրանալու։ Մենք նրան նստեցրինք անկողնի մեջ, մեջքին դարսելով բարձեր։ Նա չէր կարողանում գլուխը ուղիղ պահել, բայց անպատճառ ուզում էր նստած մնալ։

Վառարանի մեջ կրակը այժմ այրվում էր, թանձր բոցեր արձակելով։ Նա յուր հայացքը դարձրեց դեպի այն կողմը և մի քանի վայրկյան նայում էր։

Ա՜խ, որքա՜ն խորհրդավոր էր այդ պահին նրա դեմքը։