Մելանիան ուներ միջոց ծանոթանալու ում հետ ևս կամենար։ Հարուստ էր, երիտասարդ, գեղեցիկ ու կրթված—հանգամանքներ, որոնք կարող էին նրա առջև բաց անել ամենաամուր փակված դռները։ Եվ նա կարողացավ օգտվել իր միջոցներից։ Նրան ընդունում էին ամեն տեղ սիրով և այցելում ավելի սիրով։ Նա երևում էր բոլոր հասարակական երեկույթներում, բալերում ու պարահանդեսներում։ Նա դիտում էր, ուսումնասիրում և ամեն կերպ աշխատում իր հագուստը, ձևերը, ամբողջ կենցաղը հարմարացնել արիստոկրատիկ շրջանի կենցաղին։ Եվ այնքան ընդունակ էր, որ մի քանի ամիս անցած՝ արդեն նրա մեջ կարելի էր նկատել ահագին առաջադիմություն դեպի գեղեցիկը, նուրբը և հաճելին:
Արդեն ամբողջ քաղաքը խոսում էր Ֆրանգուլյանների երեկույթների, ճաշերի, ձիերի, կահ-կարասիքի, մանավանդ Մելանիայի բազմաթիվ տուալետների ու խոշոր ադամանդների մասին։ Երբ նա, Ժորժիկին կողքին նստեցրած՝ բոննայի հետ սեփական կառքով անցնում էր քաղաքի գլխավոր փողոցով, հարյուրավոր աչքեր նախանձով ուղեկցում էին նրան բարևներով։ Իսկ Մելանիան գիտեր այդ բարևներին պատասխանել ըստ արժանվույն։ Յուրաքանչյուրին ցույց էր տալիս այնքան ուշադրություն, որքան միայն արժանի էր համարում։ Նա ընդունակ էր հարգել մարդկանց ոչ միայն դիրքն ու ծագումը, այլև խելքը, ճաշակն ու քաղաքավարությունը։ Նրա ծանոթների շրջանն ընդարձակ էր և բազմատեսակ։ Ձմեռվա կիսին արդեն նրա հյուրասենյակում վաճառականների կանանց հետ կարելի էր տեսնել բանկիրների ու չինովնիկների կանանց, երբեմն նաև այս կամ այն իշխանուհուն։
Սամսոնը դեմ չէր դրան, թեև հոգու խորքում շատ էլ չէր համակրում նոր ծանոթներից ոմանց։ Բանկիրների ու չինովնիկների հետ նա առաջ էլ բարեկամություն ունեցել էր, իսկ իշխանների հետ չգիտեր ինչպես վարվել։ Երբեմն իրեն զգում էր շատ անհարմար վիճակի մեջ։ Մեկմեկու հետևից նրա տնից վռնդվում էին այն սովորույթները, որոնց հետ կապված էր իր սաղմով և մտցվում նորերը։ Բայց նա դարձյալ չէր բողոքում, և լուռ հպատակվում էր Մելանիայի պահանջներին։ Վախենո՞ւմ էր։ Ոչ․ նա երկչոտ չէր։ Կամքի ուժ չունե՞ր։ Ոչ.