Վեց տարի էր անցել ընդամենը, որ նա ամուսնացել էր։ Ունեցել էր երկու զավակ, որոնցից անդրանիկը մեռել էր դեռ ծծից չկտրած, մնում էր երկրորդը — երկու տարեկան մի տղա։ Այդքան ժամանակվա ընթացքում ոչ մի սև գիծ չէր անցել ամուսինների միջով։ Մարդն իր բնական տակտով ու խելքով, կինը կրթությամբ և մտքի համեմատական զարգացմամբ — կարողացել էին հարգել իրարու ինքնասիրությունը և կենակցել հաշտ, անխռով։ Կար մի հանգամանք, որ միշտ պիտի երաշխավորեր Մելանիայի հարգանքն ու պատկառանքը դեպի ամուսինը — այսպես էր համոզված Սամսոնը.— Մելանիան աղքատ ծնողների զավակ էր, Սամսոնը՝ հարուստ։ Եթե Մելանիան երիտասարդ է, կրթված, գեղեցիկ, նույնիսկ գրավիչ, սրա փոխարեն՝ Սամսոնը կերակրում է նրա ծնողներին, ուսում է տալիս եղբայրներին և խոստանում է իր ծախսով ամուսնացնել քույրերին։ Ուրեմն, կշեռքի թաթերը հավասար են: Եվ ոչ մի խոչընդոտ Սամսոնի բախտի առջև, և ոչ մի մռայլ ամպ նրա կյանքի հորիզոնում։ Իսկ այսուհետև նամանավանդ չպիտի լինի, քանի որ Սամսոնը թողել է գործերը և անձնատուր եղել կնոջն ու նրա կամքին։ Քանի որ նա լիակատար իրավունք է տվել Մելանիային ծախսել, որքան կամենում է, ապրել, ինչպես քեֆն է, ծանոթություններ սկսել ում հետ փափագում է։
Նա մի ձեռքով գրկեց Մելանիային և, երջանկության ժպիտն երեսին, անցավ նրա հետ սենյակից սենյակ՝ մի անգամ ևս նոր կացարանն աչքի անցկացնելու։ Ամեն ինչ արդեն կարգին էր. սենյակները կահավորված ու զարդարված, յուրաքանչյուրն առանձին ճաշակով, լուսամուտները վարագուրված թանկագին կտորներով, հատակները ծածկված խայտաբղետ գորգերով։ Ամեն տեղ երևում է տանտիրոջ առատաձեռնությունը և տանտիկնոջ ճաշակը։ Ախոռատանը կապած էին սքանչելի ձիերը, որ Սամսոնը նոր էր ստացել Մոսկվայի մի հայտնի գործարանատերից։ Գավթում կառապանը երգ ասելով, սրբում ու հղկում էր, առանց այն էլ հայելու պես փայլող, կարեթը։ Խոհարար, սպասավոր, նաժիշտ, տնտեսուհի — բոլորը զբաղված էին իրենց գործով, բոլորն ակնածությամբ նայում էին իրենց տիրուհու աչքերին։