վարչության մեջ։ Սամսոնը նրան շատ անգամ է հանդիպել մայրաքաղաքում և հավանել է ու սիրել նրան։ Հույսով է, որ Մելանիան էլ կհավանի, երբ կճանաչի։
Հայտնվեց, որ Փիրուզյանը պաշտոնը թողել է և մտադիր է հաստատվել Կովկասում։
— Ուզում է Բաքու գնալ, ես խորհուրդ չեմ տալիս,— ասաց Սամսոնը,— տասը տարի Պետերբուրգում ապրելուց հետո, մարդ չի կարող այդ քամու ու փոշու մեջ ապրել։
Փիրուզյանն ասաց, թե մայրաքաղաքի կյանքը ձանձրացրել է իրան, թե ժամանակ է հիմա լուրջ գործով զբաղվելու, թե վճռել է հարստանալ և ուզում է նավթային արդյունաբերությունը «ուսումնասիրել»։ Մելանիան հետաքրքրվեց նրա անցյալով իբրև ազգականուհի, և Փիրուզյանը սկսեց հաճույքով պատմել մայրաքաղաքի թատրոնների, ցիրկերի, էլեկտրական կառքերի, ձիարշավների մասին։ Նա առանձին աշխույժով խոսում էր վելոսիպեդիստների մասին, ինքը ճարպիկ վելոսիպեդիստ լինելով։
Երբեմն նրա հայացքը կանգ էր առնում Մելանիայի գեղեցիկ դեմքի վրա։ Դիտող մարդը կարող էր նրա աչքերի մեջ կարդալ ինչ-որ ներքին գոհունակություն։ Թվում էր, որ նա հիացած էր իր ազգականի կնոջ սիրունությամբ և, միևնույն ժամանակ ուրախ է, տեսնելով մարդու ու կնոջ հասակների մեջ ահագին տարբերություն։ Իսկ Մելանիան սեղանի քով ուշադիր էր դեպի հյուրը իբրև բարեբարո տանտիկին. այսքանը միայն։ Բայց այսօր առաջին անգամ լուրջ համեմատում էր Սամսոնին մի nւրիշ տղամարդի հետ և... հազիվ կարողանում զսպել հառաչանքը։ Որքա՜ն Փիրուզյանը նսեմացնում էր իր ներկայությամբ Սամսոնին։ Մեկից բուրում է առնական ուժը իր բոլոր եռանդով, մյուսի մեջ կյանքն արդեն անցել էր իր վառվռուն շրջանը, և անցել վաղո՜ւց։ Գուցե Փիրուզյանը, Սամսոնի տարիքին հասնելով, կրկնակի ծերանա, բայց այժմ նա ունի մի հրապույր, որից առմիշտ զրկվել է Սամսոնը։
«Քսանութ տարի՜, տեր աստված», մտածեց Մելանիան, շրթունքները սեղմելով ատամների տակ։ Այս արդեն չափից դուրս է, այս արդեն դեմ է բնության բոլոր օրենքներին, և միայն Մելանիան է զգում, թե ո՛րքան դեմ է...