Այժմ նրան հարցնում են՝ «սիրո՞ւմ ես»։ Սիրո՞ւմ է, արդյոք։ Ո՞ւմ, Սամսոն Ֆրանգուլյանին, այդ... ծերունուն... այդ... Ի՞նչ պատասխաներ այդ մարդուն։ Մի՞թե ասեր, թե մի դառն գաղտնի կսկիծ մորմոքում է նրա սիրտը, երբ գգալով ինչ-որ ներքին անծանոթ հոգեկան պահանջ, մտածում է նաև ամուսնու մասին...
Փոքրիկ պարտիզում դայակի հետ խաղում էր երկու ու կես տարեկան Ժորժիկը։ Մելանիան դուրս եկավ սենյակից, մոտեցավ նրան, գրկեց ու համբուրեց անսովոր ջերմությամբ։ Նա հուզված էր և զգում էր, որ ձմեռվա արեգակի գոլ ճառագայթները իր երակների մեջ տարածում են ինչ-որ անսովոր ջերմություն, իսկ սիրտը ճնշվում է... հորդացող արյունից, հագուրդ չստացող կրքերից...
III
Մի օր, սովորական զբոսանքից տուն վերադառնալով, Մելանիան աղախնից լսեց, թե մի անծանոթ հյուր կա ամուսնու առանձնասենյակում։ Մի քանի րոպե անցած, երբ նա, հագուստը փոխելով, անցավ սեղանատուն նախաճաշ անելու, այնտեղ Սամսոնը շտապեց ներկայացնել հյուրին։ Դա Սամսոնի քրոջ մարդու եղբայրն էր, ազգանունը Փիրուզյան, մոտ երեսուն տարեկան մի երիտասարդ։ Նա ոչ տգեղ էր, ոչ գեղեցիկ, ոչ գեր, ոչ նիհար, բայց առողջ դեմքով, ուրախ աչքերով։ Հագած էր սևագույն, երկայն «վիզիտկա», կլորակ փեշերով մոխրագույն վարտիք, ասեղնագործ շապիկ՝ բարձր օձիքով, որի ձյունային սպիտակությունը խիստ ներդաշնակում էր նրա դեմքի տակավին թարմ գույնին և փոքր-ինչ կարմրագույն ականջներին։
Սամսոնի բացատրությունից երևաց, որ Փիրուզյանը տասը տարի բացակա է եղել հայրենիքից, մեծ մասամբ ժամանակն անց է կացրել Պետերբուրգում։ Այնտեղ նա, «մի քանի հանգամանքների պատճառով» (Փիրուզյանը գլուխը թեքեց կրծքին, արտասանելով. «երեխայություն»), ստիպված թողել է համալսարանը և մտել ծառայության ինչ-որ երկաթուղու