Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոսկի բանալիով բաց արավ յուր առջև բոլոր այն հիմնարկությունների դռները, ուր միայն կարող է մուտք ունենալ կինը։ Սամսոնը զոհեց մի խոշոր գումար, Մելանիան ընդունվեց օրիորդական գիմնազիոնի պատվավոր հոգաբարձու։ Քանի մի ուրիշ նվերներ երիտասարդ կնոջը իրավունք տվեցին այս կամ այն բարեգործական ընկերության խորհրդի անդամ ընտրվել: Այս բոլորը շոյում էր Մելանիայի սնափառությունը և շարժում շատերի նախանձը: Սկսեցին նրան բամբասել, անվանել Parvenue, չարախոսել նրա ո՛չ միայն գործունեությունը, այլև անձը, վերագրելով նրան հազար ու մի վատ ձգտումներ: Իսկ նա ոչ ոքի վրա ուշ չէր դարձնում։ Նա խելոք էր և ոչ զուրկ տաքտից, գիտեր և՛ արհամարհել մարդկանց, և՛ փակել նրանց բերանը յուր սիրալիր վարմունքով։ Մեկին հաղթում էր յուր ճաշակով ու ընթրիքներով, մյուսին զբոսանքի համար առաջարկելով յուր շքեղ կառքը, երրորդին ուղղակի այցելություն անելով և այլն:

Օրը մինչև երեկո զրաղված էր։ Գրում էր նամակներ, ցրում էր այս կամ այն բարեգործական երեկույթի տոմսակները, պատվերներ էր տալիս, պատվերներ կատարում և հոգնում: Մոռանո՞ւմ էր յուր վիճակը. այսինքն ա՛յն, ինչի պատճառով իսկապես զբաղվում էր հասարակական գործերով։— Ո՛չ. նա խաբում էր ինքն իրան։ Բայց ջանք էր անում մոռանալ։ Ավելի, նա անկեղծ ցանկանում էր սիրել Սամսոնին: Այս նպատակով բռնաբարում էր ինքն իրան, խեղդում յուր մեջ շատ ապօրինի, վտանգավոր, բայց հաճելի զգացումներ։ Նա հեռու էր պահում իրան տղամարդկանց շրջանից, որպեսզի չվրդովի ոչ յուր և ոչ Սամսոնի արյունը: Իսկ կանայք առաջվա պես վայելում էին նրա ընդարձակ հյուրասիրությունը:

Սամսոնրը ոչ մի նկատողություն չէր անում նրան այս կամ այն քայլի մասին և միշտ կրկնում էր.

— Արա՛, ինչ որ քեֆդ է։

Բայց այս խոնարհության մեջ Մելանիան ակամա զգում էր ինչ-որ վատ բան. ինչո՞ւ—ինքն էլ չգիտեր։ Մի օր նա հարցրեց ամուսնուն։

— Դու բարկանո՞ւմ ես ինձ վրա։