Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՞վ ասաց։

— Ինձ այնպես է թվում։

— Իզուր։ Ես քեզ ոչինչ, ոչինչ չեմ արգելում, արա՛, ինչ որ քեֆդ է։

— Դու ունիս իրավունք արգելելու։

— Ունի՛մ, բայց չեմ արգելում։

— Իսկ ես ուզում եմ, որ դու ինձ շատ էլ ազատություն չտաս։

— Հա՛, հա՛, հա՛,— ծիծաղեց Սամսոնը,— դու մի՛ կարծիր, թե ես քո ազատությունից վախենում եմ։ Ոչ, ես վախկոտ չեմ։

Նա խոր նայեց կնոջ աչքերին։ Մելանիան գլուխը թեքեց կրծքին, մի քիչ կարմրելով։ Խոսակցությունը սրանով էլ վերջացավ։

VI

Փիրուզյանը հաճախ այցելում էր Սամսոն Ֆրանգուլյանին։ Նկատելով, որ ազգականը անգործ տխրում էր, հանդիմանում էր նրան, որ ահագին դրամագլուխը դրել է բանկ և ձեռները անշարժ նստել։ Ինչո՞ւ չի սկսում մի նոր ձեռնարկություն և իր կյանքի պակասը լրացնում։

— Ծերացել եմ,— պատասխանեց մի օր Սամսոնը կատակով, բայց ակամա հառաչելով,— եռանդ չունիմ նորից գործեր սկսելու։

— Ծերացե՞լ,— կրկնեց Փիրուզյանը,— դուք ձեզ ծե՞ր եք համարում։ Դուք ինձանից երիտասարդ եք։

— Քսաներկու տարով ձեզանից մեծ եմ, գիտե՞ք՝ ինչ ասել է քսան երկու տարին մարդու կյանքում։

— Տարիքը դատարկ բան է, գլխավորը մարդու ուժերն են ու սիրտը։

Նա շատ լավ գիտեր, թե որքան կործանիչ է ժամանակի ուժը, թե որքան մարդիկ խաբում են իրենց, երբ ասում են. «թե ես տարիքով ծեր եմ, բայց սրտովդ հոգով ու ուժով երիտասարդ եմ»։ Սակայն խորամանկ էր, ճանաչել էր ազգականի