Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, արդյոք, կարելի՞ է այդ մարդուն լավ համարել։ Ի՞նչ իրավունքով է նա տիրացել մի երիտասարդ կնոջ, եթե, իրավ, լավ մարդ է։ Նա՛, այդ քայքայված, հնամաշ միլիոները: Մի՞թե լավ մարդը փողով կգներ մի անփորձ էակի, մի դեռահաս աղջկա, գրեթե մի երեխայի բախտը, ճակատագիրը, կյանքը։ Օ՜о ոչ, հազար անգամ ոչ։ Բայց որ գնել է — թող կարողանա և պահպանել, ինչպես գիտե պահպանել իր միլիոնները։ Որ չի կարող պահպանել, թող տուժի, Մելանիան խաբված էակ է, այն ժամանակ, երբ որոշվել է նրա ճակատագիրը, կյանքի մասին ոչինչ և ոչինչ գաղափար չի ունեցել։ Այժմ է նրա մեջ զարթնել կյանքը, այժմ է սկսում եռալ նրա արյունը։ Եվ մի՞թե գարնան այս նոր-նոր բացվող ծաղիկը պիտի թողնել աշնան պաղ ձեռներում։ Ինչո՞ւ. ո՞վ է այն բռնակալը որ ժամանակի վրա անգամ տարածում է իր իշխանությունը։ Մի եսամոլ ծերունի իր միլիոններով հանդգնում է ոտնատակ անել բնության օրենքները։ Այդ զզվելի է...

Վճռված է Մելանիան բնական օրենքով այն մարդուն է պատկանում, ով գրգռել կարող է նրա կիրքը: Ով ուզում է, թող լինի այդ մարդը, ինքը Փիրուզյանը, թե մի ուրիշը։ Պետք է այս բանը հասկացնել երիտասարդ էակին և զգալ տալ նրան, թե կա մի մարդ որ գիտե ըմբռնել նրա գաղտնի վիշտը։

— Դուք վերջացրի՞ք ձեր նամակը,— լսվեց հանկարծ Մելանիայի ձայնը։

— Ես չգրեցի։

Մելանիան նստեց։ Նստեց նաև Փիրուզյանն անմիջապես:

VII

Ի՞նչ է նշանակում այս, Մելանիան անկեղծ ուզում է ազատվել այդ մարդուց, և խոսք չի գտնում նրան հեռացնելու։ Նա կաշկանդվեց հյուրի մի երկարատև նայվածքից, և գլուխը թեքեց կրծքին, թեթևակի կարմրելով։

Նա զգում է, որ արյունը երակների մեջ սկսում է հոսել