առանձին ուժով և մարմնին պատճառել անսովոր ու ախորժելի դողոց։ Եվ այս է, որ կատաղեցնում է նրան։ Ոչ, ոչ, պիտի այդ մարդուն ուղղակի, թեկուզ անքաղաքավարի կերպով, ճանապարհ դնել։ Մելանիան ատում է նրան հոգու բոլոր ուժերով, ինչպես կարող է ատել մի կին մի տղամարդու։ Այդ մարդու դեմքն արդեն արտահայտում է վատ բան, շա՛տ վատ բան։ Բայց ինչո՞ւ Մելանիան հենց այս րոպեին խղճում է Սամսոնին...
— Ուզում եմ Ժորժիկին կառքով մի քիչ զբոսեցնել, եղանակը լավ է,— փորձեց նա հասկացնել հյուրին, թե չպիտի երկար նստել։
— Ժորժիկը, ձեր որդին, о՜օ, շատ լավ երեխա է, առողջ, գեղեցիկ, և զարմանալի նման է հորը,— նկատեց Փիրուզյանը, անուշադիր թողնելով Մելանիայի բառերի բուն իմաստը։
Չէ՜, այդ մարդը միանգամայն հանդուգն է։ Սակայն նրա հանդգնության մեջ կա ինչ-որ քաշող ուժ։ Երբեք և ոչ ոք Մելանիայի վերաբերմամբ այդքան անքաղաքավարի չի եղել, ճիշտ է, բայց և երբեք և ոչ ոքի ներկայությունը այսքան չի կաշկանդել նրան։ Նա անկեղծ ուզում է փախչել այդ մարդուց և, միևնույն ժամանակ, մի անհաղթելի ուժից մղվում է դեպի նա։ Ի՞նչ ասել է այս։ Մի՞թե ատելի մարդը կարող է այսքան ձգողական ուժ ունենալ։
— Այսօր ուզում էի Սամսոն Պետրովիչի հետ խոսել մի շատ լուրջ գործի մասին,— ասաց Փիրուզյանը, շարունակելով իր խորհրդավոր հայացքի տակ այրել երիտասարդ կնոջը։
— Բանն այն է, որ Սամսոնը անգործ տխրում է, պետք է, որ նա որևէ նոր գործի ձեռնարկի։ Մի այդպիսի գործ կա, հենց այս մասին էի ուզում Սամսոնի անունով նամակ գրել ու թողնել նրա սեղանի վրա։ Կառավարությունը տալիս է մի ահագին անտառ, շահագործելու համար։ Մեծ գումար է հարկավոր, ամբողջ քաղաքում գուցե միայն Սամսոնը կարող է այդ կապալը վերցնել։ Բայց մեծ էլ օգուտ կարելի է ունենալ:
— Չգիտեմ, ես այդ տեսակ գործերից ոչինչ չեմ հասկանում,— արտասանեց Մելանիան, մի անգամ ևս փորձելով զգալ տալ հյուրին, թե չի ուզում երկարացնել։