Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի հավատարիմ մնա ամուսնական առագաստին։ Ոչ, Սամսոնը դավաճանել չի ուզում, նա մինչև անգամ զզվում է այս մտքից։ Եվ վերջապես, ինչպես դավաճանել։

«Ինչպե՞ս», կրկնում էր Սամսոնը դառն կսկիծով։ Այս բառի մեջ նա զգում էր մի թունալի հեգնություն, մի սոսկալի ծաղր։ Դավաճանել. այո՛, Սամսոնի համար հասկանալի է, թե ի՞նչ էր ուզում ասել Մելանիան այս բառով...

Նա շրթունքները անխնա կրծոտում էր մի ծանր, անտանելի մտքից, մի ցավի գիտակցությունից, որի համար դեղ չկար. ուհ, անիրավ օրենքներ բնության, միթե չկա ոչ մի փրկարար միջոց ձեր քայքայիչ զորության դեմ։ Չկա, նա բոլոր միջոցները փորձել է արդեն և հիասթափվել...

Ուրեմն բռնակա՞լ դառնալ։ Փակե՞լ Մելանիային տանը, գռռա՞լ, հայհոյե՞լ, ծեծե՞լ։ Եվ ինչո՞ւ չէ։ Եթե մինչև այժմ Սամսոնը կատարյալ ազատություն է տվել կնոջը՝ ապրել ուզածին պես, արել է հակառակ իր հայացքների, միայն այն պատճառով, որ սիրել է նրան, չի կամեցել, կամ ավելի ճիշտը, չի կարողացել վշտացնել այդ երեխային։ Այժմ Մելանիան ինքն է ասում, թե ձանձրացել է այդ ազատությունից։

Հարգանքի զգացումը ավելի է ճնշում նրան, քան ատելության ուժը։ Սամսոնի «լավ մարդ» լինելը տանջում է նրան։ Օ՜հ, այժմ միայն Սամսոնը հասկանում է այս բանը։ Լավ մարդու դեմ մեղք գործելը այնքան հեշտ չէ, որքան «բռնակալի կամ դավաճանողի» դեմ։ Խիղճը թույլ չի տալիս։ Թող Սամսոնը վատ մարդ դառնա. մանավանդ վատ հռչակվի հասարակության մեջ, այն ժամանակ Մելանիան իրան ազատ կհամարի և... Իսկ այժմ կաշկանդված է...

Այս մտքերի ազդեցությամբ Սամսոնն զգում էր այնպիսի կսկիծ, որի նմանը երբեք չէր զգացել։ Այնինչ նա դառն օրեր էր տեսել։ Եղել էր աղքատ, անպաշտպան, կրել էր մարդկային արհամարհանքների ծանրությունը։ Դառնալով վաճառական, երկու անգամ մոտիկից տեսել էր առևտրական աշխարհի համար այն սոսկալի վիշապի աչքերը, որ կոչվում է սնանկություն։ Լսել էր պարտատերերի ծաղրն ու հայհոյանքները։ Իբրև սիրող որդի, քառասունութ ժամ դիտել էր մահամերձ մոր տանջանքները։ Իբրև սիրող հայր, կրել էր առաջին