Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զավակի մահվան հարվածը։ Նա տեսել էր և ուրիշ շատ թշվառռւթյուններ, բայց երբեք այնպես չէր տանջվել, որպես այժմ, երբե՜ք։

Նա երևակայում էր իրեն բռնակալ ամուսնու դերի մեջ և ինքն էլ սոսկում էր բոլորից, ինչ որ կարող էր և ընդունակ էր անելու այդ դիրքում։ Մինչև այժմ նա խանդել էր, այո՛, բայց խանդել էր միայն Մելանիայի երիտասարդությանը։ Իսկ այժմ հանկարծ առաջ է գալիս մի գարշելի, մի դժոխային կասկած— արդյոք, Մելանիան չի՞ դավաճանել։

Եվ եթե դավաճանել է, ո՞վ է նրան մոլորեցնողը։ Վերջին ժամանակ նա այնքան հեռու է պահում իրեն տղամարդկանց ընկերությունից, որ դժվար է կասկածել որևէ մեկի մասին։

Փիրուզյա՞նը — անցավ հանկարծ Սամսոնի մտքով։ Ինչո՞ւ չէ, մի՞թե նա երիտասարդ չէ։ Բայց ոչ, այդ անկարելի է, ի՜նչ անպիտան, ի՜նչ հանցավոր միտք։ Փիրուզյանը հարգում է Սամսոնին այնքան, վերաբերվում է Մելանիային այնպիսի պատկառանքով, Մելանիան սառն է դեպի նա այնչափ, որ ամոթ է անգամ կասկածել նրանց հարաբերությունը։

Սակայն, որքան Սամսոնը աշխատում էր դուրս հանել մտքից այդ մարդուն, այնքան նրա երիտասարդ ու թարմ կերպարանքը սպառնում էր նրան․․․

Այսպես տևեց մի ամբողջ շաբաթ։ Բանը հասավ այնտեղ, որ Սամսոնը ցանկացավ կրճատել Փիրուզյանի այցերը։ Այս նպատակով նա դրականապես հրաժարվեց անտառի կապալից հենց աճուրդի օրը։ Փիրուզյանը չհասկացավ նրա իսկական միտքը, միայն մութ կերպով զգաց, որ Սամսոնի մեջ վերջին օրերը կատարվում է ինչ-որ փոփոխություն։ Նա զգուշացավ և մի քիչ կրճատեց իր այցերը։

Այժմ Սամսոնը կասկածով էր վերաբերվում Մելանիային, հետևում էր նրա յուրաքանչյուր քայլին։ Նա տակավին չէր վարվում իբրև բռնակալ, բայց արդեն մոտ էր այդ աստիճանին։ Եվ մերձենում էր առանց ինքնաբեր որոշման, այլ այնպես, անգիտակցաբար։ Նա կարծում էր, որ Մելանիան զղջում է իր արածների մասին և շուտով կսկսի բողոքել մարդու մի քանի թեթև խստությունների դեմ։ Բայց պատահեց հակառակը։ Մի օր Սամսոնը Մելանիային արգելեց ինչ-որ պարերեկույթ