Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ էր պակաս․․․ կասկածել ինձ․․․

— Ինչո՞ւ, դու կին չե՞ս, ինչպես բոլոր կանայք։

— Ես մի անբախտ կին եմ, ուրիշ ոչինչ,— արտասանեց Մելանիան շնչասպառ։

— Անբա՜խտ,— կրկնեց Սամսոնը դառն հեգնանքով,— եթե դու անբախտ ես, կկամենայի իմանալ՝ ով է բախտավոր քո ծանոթներից։ Օրը մի տեսակ կերակուր ուտո՞ղը, թե տարին մի ձեռք հագուստ չունեցողը։ Ո՞ւմ է նախանձում ամբոոջ քաղաքը. քե՞զ, թե՞ մի ուրիշին։

— Սամսոն, միամիտ մի՛ ձևանալ։ Դու շատ լավ գիտես, թե բախտավորությունը լավ ուտել-խմելու ու շքեղ հագուստների մեջ չէ։

— Կկամենայի գիտենալ՝ այն ի՞նչ է, որ մեր դարում չի կարելի ունենալ դրամի զորությամբ։

— Ի՞նչ է,—կրկնեց Մելանիան սրտի կսկիծով,— ի՜նչ է․․․

Եվ մի սուր հայացքով ուղիղ նայեց ամուսնու աչքերին։ Սամսոնը հասկացավ նրա թունալի, բայց արդարացի միտքը։ Հասկացավ և շրթունքները կրծոտելով, լռեց։

— Լռո՞ւմ ես,— մրմնջաց Մելանիան և նույն վայրկյանին մի երկարատև հարվածող ծիծաղ դուրս թռավ նրա կրծքից։

— Մելա՛նիա,— գոչեց Սամսոնը խռպոտ ձայնով,— դու չափ ու սահմանդ կորցնում ես։ Մելա՛նիա, մարդ չպիտի մոռանա իր անցյալը։

Այս արդեն Մելանիայի կծու ակնարկի պատասխանը չէր, այլ մի տեսակ փախուստ բուն խնդրից․․․

— Ի՞նչ ես ուզում ասել դրանով, պարզ խոսիր․․․

— Ժամանակն է հասկանալու, որ քեզ նման երիտասարդ ու գեղեցիկ կանայք հազարավոր են, իսկ քեզ պես ապրում է հազարից մեկը... Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում․․․

Հասկանո՞ւմ է, արդյոք, Մելանիան։ Ինչպե՞ս չհասկանալ, երբ մարդը խոսում էր այնքան պարզ, երբ նրա յուրաքանչյուր բառի, ձայնի ամեն մի հնչյունի մեջ զգացվում է միլիոնատիրոջ թունալի արհամարհանքը դեպ մի կնոջ չքավոր անցյալը։ Մելանիան զինաթափ եղավ, գլուխը թեքվեց կրծքին, ձեռները թուլացան։ Այսպես, ուրեմն, հարվածի փոխարեն