Մելանիան մի սուր հանդիմանական հայացք ձգեց հոր երեսին և հարցրեց.
— Քանի՞ տարեկան ես, պապա։
— Քառասունուիննս լրացավ անցյալ ամիս։
— Իսկ դո՞ւ, մամա։
— Քառասունչորս։
— Քառասունինը — քառասունչորս, զանազանությունը հինգ տարի. հիսունչորս - քսանչորս, զանազանությունը երեսուն տարի։ Պապա, աղջկադ ամուսինը քեզանից ծեր է։ Ասա, ինչո՞ւ ինձ տվեցիք այդ մարդուն։
— Սամսոն Ֆրանգուլյանը քաղաքի ամենալավ փեսացուներից մեկն էր. խելոք, օրինավոր մարդ ու միլիոնների տեր...
— Եվ ծեր,— ավեացրեց Մելանիան անսովոր համառությամբ։
— Չեմ հասկանում, ինչ ես մի գլուխ կրկնում ծե՛ր, ծե՛ր, ու ծե՛ր,— գոչեց տիկին Նազանին,— լա՞վ կլիներ՝ եթե քեզ տված լինեինք մի քաղցած երիտասարդի։
— Այո, մամա, ավելի լավ կլիներ։
— Այժմյան փչացած երիտասարդներից մեկի՞ն,— հարցրեց Սերգեյ Արտեմիչը։
— Թեկուզ մի շառլատանի,— պնդեց Մելանիան նույն համառությամբ:
— Սերգեյ,— դարձավ տիկին Նազանին իր կողակցին,— դու հեռացիր, թող մեզ մենակ։
Սերգեյ Արտեմիչը հասկացավ ամուսնու միտքը և շտապեց կատարել նրա հրամանը։
Նազանին նստեցրեց աղջկան իր մոտ, գահավորակի վրա և մի ձեռով գրկեց նրա մեջքը, մյուսով շոյելով մազերը, ասաց.
— Հիմա կարող ես սիրտդ բաց անել։ Ես կնիկ եմ, ամեն բան կհասկանամ, մի՛ ամաչիր:
— Մա՛մա, թո՛ղ ինձ,— արտասանեց Մելանիան, երեսն ամոթով մի կողմ դարձնելով,— առանց այդ էլ ես շատ բան ասացի։