Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

III

Դա մի սևաչյա մանուկ էր, առողջ, կայտառ, ժպտուն ինչպես գարնանային առավոտյան առաջին շողը։

Նախանձի նման մի վատ զգացում վայրկենաբար պղտորեց Լիդիայի անդորրացած և թախծալի հոգին։ Զգաց մի տեսակ անզոր ատելություն դեպի սպասուհին, նրա արգանդի առողջությունը։ Ատելություն ամուլ կնոջ, որ շատ էր տառապել մի այդպիսի գանձ ունենալու տենչանքից։

Եվ նույն վայրկյանին կայծակի արագությամբ միտք հղացավ տիրել օտար արգանդի բերքին։ Նա զգաց, որ այդ միտքը հանցավոր է, դատապարտեց անմիջապես, բայց և չկարողացավ հաղթել նրան։

— Սիրո՞ւմ եք,— հարցրեց նա սպասուհուն, որ յուր զավակին այնպես էր պահում ձեռքերի վրա, ինչպես մի փխրուն ապակի և ոչ ինչպես յուր հոգու հատոր։

— Խղճում եմ, անմեղ է,— պատասխանեց Զինան և յուր մտքում ավելացրեց.— երանի ազատեիք ինձ այս բեռից։

— Չեք սիրում, այդ երևում է։

— Ահ, տիրուհի, աղքատների համար երեխաները միայն տանջանք են։ Ողորմած եղեք...

— Ողորմա՜ծ... բայց ինչո՞ւ նրա հայրը չի ուզում ողորմած լինել...

— Հայրը,— կրկնեց սպասուհին և գլուխը թեքեց կրծքին։

— Լավ, լավ, մի՛ ասեք, ես չեմ ուզում նրա ով լինելը իմանալ։ Թող նա անհայտ մնա, դա ձեր գաղտնիքն է...

Եվ Լիդիան նայեց սիրալիր հայացքով փոքրիկին, որ մոր գրկից մտիկ էր անում հավատով, ակնկալությամբ։ Կարծես այդ անլեզու էակն զգում էր, որ յուր ճակատագիրն այլևս կախված է այդ շքեղ հագնված, բարձրահասակ, գեղեցիկ, փարթամ կնոջ բարի կամքից...

Զինան շարունակ խույս էր տալիս տիրուհու հայացքներից, որ մերթ դառնում էին դեպի զավակը, մերթ դեպի մայրը։ Պարզ էր, որ մի միտք տանջում էր նրան։ Մի միտք, որից կկամենար ազատվել և չէր կարողանում։