— Դուք ծաղրում եք ինձ, Ելենա Գավրիլովնա, ես բանկում մի կոպեկ չունիմ։ Հասկանո՜ւմ եք, մի կոպեկ էլ։ Եթե կամենաք, ես մինչև օրս իսկի ոչ մի բանկի երես չեմ էլ տեսել։
— Հապա ի՞նչ արիք այն հազար ռուբլին։
— Պոլիկարպը փչացրեց,— պատասխանեց Զինան և հառաչեց տխուր։
— Պոլիկարպն ո՞վ է։
— Իմ նշանածը: Ես ձեզ չե՞մ պատմել։
— Հապա՞, հապա՞,— հետաքրքրվեց Ելենան, նախազգալով, որ այդ Պոլիկարպից կարելի է օգտվել։
VII
Զինան պատմեց յուր ռոմանը։ Հայտնվեց, որ Պոլիկարպը մի յունկեր է և նրա նշանածը «աստծու ու մարդկանց առաջ»։
— Բայց անգութը խաբեց ինձ։ Ասաց` հետո պիտի պսակվի, փողերս առավ, փչացրեց։ Անիծվի՜ նա։ Ինչպե՜ս սիրում էի նրան: Այժմ էլ սիրում եմ: Ինչքա՜ն եմ տանջվել, աստված իմ, ինչքա՜ն. թե՛ հոգով, թե՛ մարմնով։ Քանի-քանի անգամ ուզեցել եմ մկնդեղ ընդունել։ Գիտեք, ես նրա պատճառով երկու երեխա եմ փչացրել արգանդումս` մեկը չորս, մյուսը վեց ամսական։
Եվ Զինան արտասվեց։
Ելենան ուրախացավ մտքում։ Այդ նորությունը նրա համար մի անսպասելի զենք էր, որ ինքը Զինան դրեց նրա առաջ։ Նա շտապեց վերցնել այդ զենքը և անմիջապես ուղղել պարզամիտ կնոջ կրծքին։
Նա ասաց.
— Այդպես, ուրեմն, դուք այժմ ոչինչ չունեք, աղքատ եք։ Ցավալի է, շատ ցավալի։
Եվ, մի կեղծ հառաչանք արձակելով կրծքից, ավելացրեց.
— Դե, եկեք ու աշխարհիս բաները հասկացեք։ Մայրն աղքատ և ուրիշների մոտ ծառա — դե, ինչ էլ լինի` ծառա եք,— իսկ զավակն ապրում է ինչպես մի փոքրիկ իշխան և