— Տեսնո՞ւմ ես, հենց ասում ես, «սուտ ես ասում»։ Աղբեր, էսպես ժուլիկություն կլինի, որ դուք եք անում,— ասաց գյուղացին ձայնը բարձրացնելով։
Մակար աղան, հեռվից տեսնելով, իմացավ բանն ինչումն է և մոտեցավ գյուղացուն:
— Հը՛մ, ի՞նչ է, ապեր, ինչի՞ ես ղալմաղալ բարձրացրել։
— Ինչ անեմ, որ ղալմաղալ չանեմ, աղա, գործակատարդ մահուդս պակաս է կտրել, հինգ արշինի տեղ չորս ու կես է՛ տալիս։
— Իմ գործակատարն այդպիսի ղալաթներ չի անի, մտածիր ինչ ես ասում։
— Աղա՛, չես հավատում, ա՛ռ, ինքդ չափիր։
— Տուր տեսնեմ։
Մակար աղան առավ մահուդն ու արշինը և զործակատարի երեսին մի տեսակ խորհրդավոր հայացք ձգեց։ Վերջինը նույն տեսակ հայացքով պատասխանեց նրան։
— Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, սա էլ քեզ փեշքեշ,— ասաց Մակար աղան, չափելով մահուդը և մի քառորդ արշինի չափ էլ հինգ արշինից ավելի ցույց տալով գյուղացուն, մոտեցրեց մինչև նրա քիթը:— Չե՞ս ամաչում, որ սուտ ես ասում, ապեր:
Բայց «ապերն» այն ապերներից չէր, որ հեշտությամբ ձեռք քաշեր Մակար աղայից։ Նա կրկին վերցրեց արշինն և սկսեց չափել մահուդը:
— Մեկ, երկու, երեք, չորս, էս էլ քեզ ավելի, աղա, մտիկ տո՛ւր, չե՞ս ամաչում, որ սուտ ես ասում:
Մակար աղան բարկացավ։ Գյուղացու հանդգնությունը նրան խիստ վիրավորեց: Բայց այս անգամ զսպեց իրան։
— Ուրեմն դու քո էդ տրեխներով ուղում ես ինձ խաբեբա շինել էլի,— ասաց նա, աչքերը շռելով։
— Տրեխներով եմ, թե չաքմեքով— էդ քո բանը չէ, ես հախս եմ ուզում։
— Հախիցդ էլ ավելի են տալիս քեզ, էլ ի՜՞նչ ես բղավում։
— Ավելը քեզ լինի, իմը տուր: