— Նա ձեզ մեծ-մեծ խոստումներ է արել։
— Այո, այո, շատ փող է խոստացել,— օգտվեց Զինան իսկույն դատախազի հարցից։
— Չե՞ք ընդունել։
— Չեմ ընդունել։
— Թախանձե՞լ է։
— Այո։
— Ընկե՞լ է ձեր ոտները։
— Այո։
— Զզվանքով մերժե՞լ եք։
— Այո։
— Սպառնացե՞լ է։
— Այո։
— Ասել է՝ կվռնդի՞ յուր տնից։
— Այո։
— Կսպանի՞ մինչև անգամ։
— Այստեղ Զինան տատանվեց, գլուխը թեքեց կրծքին և ոչինչ չպատասխանեց։
Զգաց, որ առանց այդ էլ յուր խղճի դեմ շատ մեղանչեց։
Սինոփյանն անմիջապես բողոքեց, որ դատախազը հարցեր տալով, միևնույն ժամանակ, թելադրում է մեղադրողին և՛ նրանց պատասխանները։ Օրենքն այդ թույլ չի տալիս։ Մեղադրողն իբրև տգետ կին չի զգում յուր խոսքերի պատասխանատվությունը։
— Օրենքը ոչ ոքի վրա ճնշում գործ չի դնում,— ասաց դատախազը շինծու սառնությամբ։— Ես մեղադրողին պատասխաններ չթելադրեցի։
— Թելադրեցիք, պարոն դատախազ,— պնդեց Սինոփյանը,— ապացույց, որ նույնիսկ այդ կինը ամաչեց կրկնել ձեր կամեցածը։ Պարոն նախագահ, խնդրում եմ իմ բողոքը մտցնել արձանագրության մեջ։
— Ձեր խնդիրը կկատարվի։ Շարունակեցեք։
Միակ վկան Գուրգենի ու Զինայի հարաբերությունների Լիդիան էր։ Երբ հերթը հասավ նրան, զգաց բուռն ատելություն դեպի դատախազը և անսահման կարեկցություն դեպի Գուրգենը, որին աշխատում էին այնքան ստորացնել։ Նրա