Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնտեղ ոչ միայն տղամարդիկ են գերի կապիտալի ձեռքում, այլև կանայք, այլև երեխաները... Այդպես չէ մեզնում: Մենք ապրում ենք մի երկրում, ուր արդյունաբերությունն ու արդյունագործությունը իրենց զարգացման աոաջին ֆազիսի մեջ են։ Նրանք հազիվհազ գոհացում են տալիս տղամարդկանց աշխատանքին։ Ո՞ւր գնան կանայք։ Նրանք չեն կարող գիտակից պրոլետարիատի շարքերը զորեղացնել և փութացնել այն սոցիալական հեղաշրջումը, որին այսօր անհամբեր սպասում է մարդկության լավագույն մասը...

— Պարոն պաշտպան, դուք բոլորովին հեռացաք գործից,— նկատեց նախագահը դարձյալ, այս անգամ վրդովված ձայնով։

Լազմանովը շփոթվեց, կորցրեց յուր սերտած ճառի թելը, մի քանի վայրկյան կմկմաց, ապա անմիջապես դարձավ յուր պաշտպանյալին։

Նա մտնում է աղախին մի հարուստ րնտանիք, որ վայելում է կյանքի բոլոր բարիքները։

Նա երջանիկ է, որ յուր աշխատանքն ընդունվեց։ Նա իրեն համարում է բարերարված, սիրում է յուր տերերին և նրանց վշտերն ու ուրախությունները համարում է սեփական։ Եվ հարուստ զույգը հարստահարում է նրա թարմ ուժերը։ Հարստահարում է ամենայն անբարեխղճությամբ, որովհետև նա էլ կապիտալի ներկայացուցիչ է, թեև բանկերում և անշարժ կալվածների ու տոկոսաբեր թղթերի մեջ նիրհող կապիտալի... Բայց զույգը դրանով չի բավականանում։ Այրը, հրապուրելով միամիտ գեղջկուհուն յուր ոսկով, սուտ խոստումներով ու երդումներով, խաբում է նրանք խելքից դուրս բերում և... լլկում նրա կուսությունը։

Լլկելուց հետո անամոթություն է ունենում յուր զոհին փողոց շպրտելու ինչպես մի լաթի կտոր։ Բայց ասպարեզ է գալիս փարիսեցիությունը բարեգործության վիժակով։ Բարեգործություն, որ կապիտալի զենքերից մեկն է յուր հանցավոր խղճի բողոքը խեղդելու համար։ Բռնաբարող ամուսնուն օգնում է դավաճանված և խայտառակված կինը։ Նա ասում է յուր հրեշ մարդու զոհին. «Մի՛ հուսահատվիր, աշխարհում ինձ նման բարի հոգիներ կան, ես ձեզ կազատեմ կորստից։ Բայց փոխարենը ինձ պիտի տաք ձեր զավակին»