Ի՞նչ կարող էր անել բռնաբարվածը, եթե ոչ իբրև երախտագետ հոգի չոքել բարերարողի առջև և համբուրել նրա փեշերը, կարծելով, որ երեխային վերցնում է այդ փարթամ բուրժուան նրան խնամելու, միմիայն խնամելու համար։ Սակայն քողն երկար ժամանակ չի մնում փարիսեցիություն երեսին։ Նա ընկնում է, և շուտով կեղծիքը մերկանում է։ Դուրս է գալիս, որ դա բարերարություն չէ, այլ մի նոր տեսակի շահագործում, մի այլանդակ ավազակություն։
— Պարոն պաշտպան, մի՛ շտապեք եզրակացություններ անելու,— դարձյալ նկատեց նախագահը,— եղելության անունը, կորոշի դատարանը։
— Ավազակություն,— կրկնեց Լազմանովը, օգտվելով նախագահի մեղմ տոնից,— ուզում եմ ասել գողություն երեխայի։ Եվ մայրը զրկվում է յուր հարազատից։ Ահ, պարոնայք դատավորներ, կարիք կա՞ բացատրելու, թե ինչ ասեք է կնոջ համար զավակը։ Դա այն է, ինչ որ արդարադատությունը ձեզ համար։ Ի՞նչ կմնա օրենքներից, եթե չլինի նրա խստությունը։ Եվ ահա անպատիվ եղած, լլկված, ստորացած կինն ու մայրը շպրտվում է սալահատակի վրա՝ գրպանում մի քանի կոպեկներ, սրտում անհուն տանջանք, ճակատին ամոթի ու խայտառակության կնիքը։ Պարոնայք դատավորներ, դուք գիտեք այդ տեսակ կանանց վիճակը այնուհետև։ Մի անգամ սայթաքելով, նրանք ընկնում են, ընկնում են և արագ-արագ թավալվում դեպի անդունդ։
Բայց ներկա դեպքում պատահում է հակառակը։ Զինաիդա Պրոխորովան սթափվում է, ոտքի է կանգնում և վտանգավոր ճանապարհից ետ դառնում, մնում է ազնիվ, մաքուր։
Պատկերը սոսկալի է, պարոնայք դատավորներ, հարուստը ոսկու զորությամբ կողոպտում է չքավորի թարմ մարմինն ու պղծում։ Կին հափշտակում է նրա զավակը։ Կրկնակի հանցանք։
— Բայց կա մի երրորդը,— շարունակեց Լազմանովը,— որի վրա ձեր առաջին ուշադրությունը կկամենայի դարձնել, պարոնայք դատավորներ։ Դա երեխայի հոգու գողությունն է։ Իշխանական մի ցեղի զավակը, որ հարստությամբ հափշտակվելով, ամուսնացել է մի վաշխառվի որդու հետ,