Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցրվում են թեթև ամպերն երկնքի երեսից։ Նա միանգամ ևս ինքը համարելով փողերը, ագահությամբ և շտապով դրեց գրպանը, կարծես, վախենալով, որ միգուցե մեկը խլի նրա ձեռքից։

Կիրակի երեկոները Մակար աղան սովորություն ուներ եկեղեցու շահերից մեկն յուր հաշվով վառել տալ, գանձանակի թասերը, փոխանակ սովորական հինգ կոպեկանոցի, ձգել մի-մի աբասի և, վերջապես, եկեղեցու դռանը կանգնած բոլոր աղքատների ձեռքին մի-մի սև փող դնել: Այս բոլորը կատարելուց հետո, դռներից դուրս գալով, նա միշտ մի տեսակ խորը հոգոց էր հանում, երեսը խաչակնքելով։ Կարծես նրա ուսերից ընկնում էր մի ահագին ծանրություն: Ինձ թվում էր, որ նա այդ ժամանակ զգում էր թեթևություն։ Եկեղեցուց մինչև տուն հասնելը նրա դեմքը փայլում էր մի տեսակ պայծառ, ուրախ Ժպիտով։ Եվ ինձ համար շատ անգամ հաճելի էր այդ րոպեներում նայել նրա երեսին: Նրա մշտական թթված դեմքի վրա ժամանակ առ ժամանակ երևացող ուրախ ժպիտը, ճշմարիտն ասած, ինձ շատ քաղցր էր թվում։ Իսկապես շատ է մելամաղձոտ մարդ չէր Մակար աղան։ Ընդհակառակը, կարելի էր ասել, ուրախ բնավորություն ուներ։ Բայց այդ հայտնի էր միայն նրա մոտիկ ընկերակիցների շրջանում, որոնց հետ սովորություն ուներ շատ հաճախ զանազան տեսակ գրվարճություններ սարքելու: Իսկ մագազինում և տանը շատ հազիվ էր պատահում տեսնել նրան հոգեկան ուրախ տրամադրության մեջ և այն էլ այն ժամանակ միայն, երբ առուտուրը հաջող էր անցել կամ մի որևիցե նյութական շահ էր ստացել մի տեղից։ Տանը տխուր ժամանակը նա շատ անգամ օրերով չէր խոսում ոչ ոքի հետ, և ոչ ոք էլ չէր կարող նրան խոսեցնել, հավատացած լինելով, որ սրանով ավելի կգրգռեն նրա բարկությունը։ Տնացիներն այնքան հպատակվել էին Մակար աղայի կամակոր բնավորությանը, որ նրա տխուր եղած ժամանակ իրանք ևս տխրում էին, իսկ ուրախ ժամանակ իրանք ևս ուրախանում էին, այնպես որ կարծում էիր ամբողջ ընտանիքի հոգեկան տրամադրությունը կախված լիներ միակ այդ մարդու հոգեկան տրամադրությունից: Ամենքը Մակար աղայի տուն գալու ժամանակ նայում էին նրա երեսին և նրա դեմքի