Միևնույն միտքն էր զբաղեցնում և՛ Զինային դատավարության սկզբից։ Նրա սիրտն սկսեց ուժգին բաբախել այն վայրկյանին, երբ Լազմանյանն արտասանեց «կամ միանվագ հարյուր հիսուն հազար ռուբլի, կամ տարեկան տասնուհինգ հազար»։ Այդքան նա ոչ միայն չէր պահանջի, եթե մնար յուր կամքին, այլև չէր երազի անգամ պահանջելու։ Նրան հարկավոր էր այնքան, որքան կարող էր Պոլիկարպին նորից յուր գիրկը գցելու,— դարձյալ մի հազար ռուբլի։ Նա ուրախությամբ կհրաժարվեր և՛ երեխայից, և՛ փողերից, եթե իմանար, որ վաղ թե ուշ Պոլիկարպը նորից կսիրե իրան, միայն այս անգամ առանց ակնկալության։
Բայց կար նրա հոգու խորքում մի անկյուն, որ տակավին անապական էր մնացել։ Դա երախտագիտության՝ զգացումն էր, այն խոր, անկեղծ համակրանքը դեպի Լիդիան, որ երբեք չէր չբացել նրա մեջ։ Նույնիսկ այժմ, երբ կանգնած էր նրա դեմ ճակատ առ ճակատ որպես թշնամի, չէր ատում նրան, և շարունակ կրկնում էր յուր մտքում.
«Նա ինձ ազատել է խայտառակությունից, փող է տվել, ծանր բեռս վերցրել է յուր վրա»։
Նա զգում էր, որ եթե առանց դատի էլ դիմեր յուր նախկին տերերի օգնությանը, մերժում չէր ստանալ։ Համենայն դեպս Լիդիան նրան դատարկ ձեռքով բաց չէր թողնիլ։ Բայց չդիմեց, որովհետև չթողեցին դիմելու՝ նախ Ելենան յուր խորհոլրդներով, ապա Լազմանովն ահագին գումար կորզելու վարդագույն հույսերով։
Դատավարությանը նրա համար սկզբից ևեթ ձանձրալի էր։ Չգիտեր, թե ինչու են հարկավոր այդ բոլոր — դատավորների հանդիսավոր մուտքը, նրանց անվերջ հարցուփորձը, փաստաբանների երկար ճառերը, վերջապես այդ լղար, բարձրահասակ երիտասարդ դատախազն յուր կոմիկական լրջությամբ։ Նա պատրաստ էր հեռանալու դատարանից, ամեն ինչ թողնելով փաստաբանին, բայց վախենում էր, որ այդ կարող է դատավորներին բարկացնել։ Այն վայրկյանին, երբ երեխայի դատարան բերվելը պահանջելիս Լիդիան ճչաց և նվաղեց, Զինայի մեջ կատարվեց վայրկենապես մի տարօրինակ բան։ Լիդիան նրան թվաց