Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնքա՜ն խղճալի, այնքա՜ն արժանի կարեկցության, որ ինքն էլ պահանջ զգաց նրա նման ճչալու և նվաղելու։ Նա զսպեց իրեն, որպեսզի չարտասանե որևէ հիմար խոսք։

Այլևս նրա դեմքից չքացել էր շինծու-արհամարհական ժպիտը և նրա շարժումներն ու ձևերը կորցրել էին իրենց արվեստական գոռոզությունը։ Նրա գեղեցիկ դեմքն ստացավ անսովոր լրջություն, որ խառն էր տխրության հետ։ Նրա աչքերի մեջ երևաց իմաստալի արտահայտություն, որի նմանը երբեք չէր ունեցել։

Երեխային տեսնելիս՝ նա զգաց կարեկցություն և դեպի նա, բայց ոչ իբրև մայր, այլ իբրև սոսկ կին։ Այդ սիրուն հագնված, առողջ, կայտառ մանկան «մամա, մամա» գոչելով Լիդիայի պարանոցին փաթաթվելն այնքան բնական, այնքան սրտառուչ թվաց նրան, որ նա հուզվեց ոչ իբրև մայր այլ իբրև սոսկ կին։

Լազմանովը մոտեցավ նրան և ասաց․

— Երեխային ձե՛զ կտան, այս գիտեմ. բայց թե որքան կորոշեն նրա պահպանության համար — չգիտեմ։ Թույլ տվեք բողոքել, եթե քիչ որոշեն...

Զինան ուշադրության չդարձրեց յուր պաշտպանի վրա։ Կարծես, չլսեց անգամ նրա խոսքերը։

— Ես կբողոքեմ, անպատճառ կբողոքեմ,— ասաց Լազմանովը, զարմացած դիտելով Զինային, որ շարունակ զբաղված էր յուր մտքերով։

Նա չզգաց, և չէր էլ կարող զգալ, թե այդ պահին ի՛նչ է կատարվում յուր պաշտպանյալի մեջ։

— Դատավորները գալիս են,— կրկին լսվեց պրիստավի ձայնը ընդհանուր խոսակցության ու շշուկների մեջ։ Լիդիան ցնցվելով ոտքի կանգնեց, ավելի ամուր սեղմելով Սերժի ձեռը, որ բաց չէր թողել երեխայի գալու վայրկյանից

Նիստն ազդարարվեց բացված։ Ամենքը բռնեցին իրենց տեղերը։

— Մամա,— շշնջաց ՍերԺը։

— Լռի՛ր սիրելիս, լոի՛ր,— սաստեց նրան Լիդիան։

— Մամա, սա թատրոն չէ, ես վախենում եմ,— կրկնեց մանուկը սեղմվելով մորը։