շողոքորթում ենք նրան, փեշերը լիզում դուր գալու համար: Մեր ստրկությունն այն տեղն է հասել, որ եթե Մակար աղան ասի, թե այսօր ուրբաթ չէ, այլ կիրակի է, մենք կհամաձայնվենք, թե նա սուտ չի ասում։ Եթե ասե, որ արեգակը լույս չունե, մենք կասենք, թե ճշմարիտ է։ Ինչո՞ւ համար ենք այս բոլորն անում: Ձեզ եմ հարցնում։ — Նրա համար, որ մենք նրա քեֆին չդիպչենք, որ դրանով մենք ցույց տանք նրան մեր հնազանդությունը, խոնարհությունը, որպեսզի գրավենք նրա հավատարմությունը։ Միթե այս բոլորը խաբեբայություն չէ՞, միթե պակաս հանցա՞նք է, քան թե աղա Գուլամյանցների և ծերունի Թոթովյանցի ավազակությունը։
Այս ասում էր մի գործակատար, որ ընդամենը մի տարի էր ծառայել աղա Գուլամյանցների մոտ։ Մակար աղան նրան չէր սիրում և շատ վատ էր վարվում հետը: Ես կարծեցի, որ հենց այս էր պատճառը նրա անբավականության: Սակայն զգում էի նրա բոլոր խոսքերի ճշմարտությունը։ Ես գիտեի, որ իսկապես այն ամենը, ինչ որ նա ասում էր գործակատարների մասին, իրավացի է և արդար։
— Ուրիշ կերպ անկարելի է,— պատասխանեց Գրիգորը յուր դրութենից դժգոհ գործակատարին: Եթե չխոնարհվենք, չհնազանդվենք աղա Գուլամյանցներին, եթե նրանց սրտի ուզածը չկատարենք — այս աշխարհում իսկի ապրել չենք կարող: Նրանք սիրում են կեղծավորություն — մենք էլ պիտի կեղծավորենք, սիրում են շողոքորթություն — մենք էլ պետք է շողոքորթենք, սիրում են սուտ ասել — մենք էլ պիտի սուտ ասենք։ Մի խոսքով, ինչպես նրանք են ուզում — պիտի այնպես էլ պահենք մեզ, եթե ոչ` քաղցած կմնանք։ Տեսնո՞ւմ ես, այն օրվանից, երբ դու մի փոքր հակառակություն ցույց տվեցիր Մակար աղային — աչքից ընկար` չնայելով, որ դու ճշմարիտն էիր խոսում։ Չէ, եղբայր, հարկավոր է անել այն, ինչ որ քեզանից պահանջում են աղա Գուլամյանցները և ոչ թե այն, ինչ որ դու ես ցանկանում: Ուրիշ ճար չկա, եթե ուզում ես նրանց աչքում հավանելի լինել։ Ես էլ առաջ շատ էի նեղանում իմ պաշտոնից և շատ անգամ ինքս ինձ ասում էի, ինչ հարկավոր է սուտ խոսել, կեղծավորել, երբ որ առանց այն կարելի է վարվել, բայց հետո տեսա, որ չէ, անկարելի