Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է։ Այժմ ինձ համար միևնույն է, իսկի չեմ էլ մտածում, թե օրական քանի անգամ եմ սուտ ասում և քանի անգամ խաբում մարդկանց, որովհետև հենց իմ ամբողջ օրվա խոսակցությունը սուտ է։ Եվ ինչո՞ւ չստեմ։ Ինձանից խոմ սրանով մի բան չի պակասում։ Այսպես չեմ խոսիլ, այնպես կխոսեմ, այս չեմ ասիլ, այն կասեմ, այս բոլորն, իմ կարծիքով, միևնույնն է, միայն հարկավոր է աչքի առջև ունենալ, թե որն է շահավետ գրպանի համար։ Աղա Գուլամյանցներն եթե իրանց ամբողջ կյանքը սուտ ասելով, կեղծավորելով, խաբելով և սրա ու նրա ոտները լզելով չանցկացնեին, հավատացնում եմ ձեզ, այսօր այնքան հարստության տերեր չէին կարող լիներ: Փողը, եղբայր, ամեն բան ուժով ստիպում է մարդուս անել: Այսպես չէ՞:

Բոլոր գործակատարները երբ դրական պատասխան տվեցին Գրիգորին, հավանելով նրա ասածները, բացի այն մեկից, որ յուր պաշտոնից անբավական էր: Ինչ վերաբերվում էր ինձ, համաձայն էի, որ մենք գործակատարներս, թաղված ենք այդ բոլոր կեղտոտությունների մեջ։ Բայց ինչպես անել, չհամաձայնվել Գրիգորի հետ, որ մի կտոր հացի տեր լինելու համար անհրաժեշտ է լինել Մակար աղայի առջև կեղծավոր և շողոքորթ — չէի կարող, քանի որ արդեն ճանաչում էի վերջինին և գիտեի, որ առանց սրանց անհնար է նրա մոտ երկար մնալ։ Իսկ ես ուզում էի նրա մոտ ծառայել, աչքի առջև ունենալով իմ ապագան: Ես չէի ուզում հորս պես աղքատության մեջ ապրել: Ես ցանկանում էի իմ ապագան նյութապես ապահոված տեսնել: Ո՞վ է աղա Գուլամյանցներին այսօր մեղադրում, ո՞վ է նրանց պախարակում Աթոյանցի փողերն ուտելու մասին։ — Ոչ ոք. ընդհակառակը, ամենքն էլ նրան պատվում են, հարգում են, փողոցով անցնելիս գլուխ են տալիս հեռվից: Իսկ իրանք` հպարտ ու գոռոզ` ոչ ոքի հետ չեն ուզում խոսել: Եվ ի՞նչ կարիք ունին ուշադրություն դարձնելու, քանի որ առանց ուրիշների էլ կարողանում են ապրել:

— Այսքան տարի ծառայելով,— շարունակեց Գրիգորը,— ես, վերջապես, հասկացել եմ, որ վաճառականության մեջ մարդ չի կարող մնալ ազնիվ, մաքուր, ճշմարտախոս։ Չի կարող, որովհետև վաճառականությունն այդպիսի մարդկանց