Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատաղած, այնպես որ ես սկսեցի փոշմանել իմ ասածների վրա:

— Միայն ձեր մասին չէին խոսում, այլ բոլոր վաճառականների մասին: Ասում էին թե նրանք ամենքն էլ սուտ ասողներ, խաբողներ, գողեր են, թե նրանց մոտ ծառայողներն էլ պետք է այդպես լինին, որովհետև ուրիշ կերպ չեն կարող լինել:

— Այդ ո՞ր գործակատարն էր ասում։

Ես հիշեցի Գրիգորի և մեկ էլ յուր պաշտոնից անբավական գործակատարի անունները։

— Այդ էլ իմ լավության պտուղը... փողոցներում ոտաբոբիկ լակոտներ էին, հավաքել եմ, բերել, մի կտոր հացի տեր շինել, այժմ ինձ էլ չեն հավանում: Արի այժմ աղքատներին ողորմություն արա, խղճա նրանց վրա, Մակար։

— Գրիգորն ասում էր, թե մինչև անգամ ինքն էլ պատրաստ է ուրիշի փողերն ուտել, եթե ձեռքն ընկնի: Նա այսպիսի մի բան էլ ասաց. «Գողից գողություն անելը մեղք չէ»։

Այս անգամ Մակար աղայի կատաղությունը սահմանից դուրս եկավ: Նա սկսեց արագ-արագ քայլել: Իմ խոսքերն ասեղների նման ցցվում էին նրա սրտի մեջ։

— Լա՛վ, գնա՛,— դարձավ նա, վերջապես, ինձ։

— Բայց, աղա, մի բան եմ խնդրում ձեզանից:

— Ի՞նչ։

— Որ դուք գործակատարներին չասեք, թե ես եմ այս ամենը ձեզ պատմել, առանց այն էլ նրանք ինձ հետ լավ չեն վարվում: Ինձ ծեծելով կսպանեն։ Խեղճ մարդու տղա եմ, մտել եմ ձեզ մոտ մի կտոր հաց ուտելու, պարտավոր եմ կերածիս փոխարեն ձեզ հավատարմությամբ ծառայելու։ Ես պարտքս եմ կատարում:

— Լավ է, դուրս եկ, կորի՛ր:

Ես, իհարկե, դուրս եկա իսկույն, բայց չկորա, մտա սենյակս:

Հետևյալ առավոտ Մակար աղան վռնդեց Գրիգորին և այն գործակատարին, որ յուր դրութենից անբավական էր:

Վերջինի պաշտոնը Մակար աղան հանձնեց ինձ: