Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հրամայեցե՛ք, աղա։

— Ես մեռնում եմ, ների՛ր ինձ, ես քեզ շատ եմ նեղացրել, շատ եմ չարչարել, զուր տեղը շատ եմ հայհոյել, հիշոցներ տվել, ես մեղավոր եմ, ների՛ր...

— Ի՞նչ եք հրամայում, աղա, ես ինչ մարդ եմ, որ դուք ինձանից ներողություն եք խնդրում։

— Չէ՛, ներիր... ներիր. ես քեզ կենդանու նման չարչարել եմ, ես քեզ երբեք մարդու տեղ չեմ դրել, միշտ քեզ իմ կոշիկներից ստոր եմ համարել, ների՛ր, ես մեղավոր եմ։ Բա՛ց արա սնդուկը նրա մեջ հինգ հազար մանեթ փող կա, վերցրո՛ւ, քեզ եմ բաշխում մեղքերիս փոխարեն։

— Ինձ փող հարկավոր չէ, ինձ ձեր կյանքն է հարկավոր, աղա,— ասացի ես և իսկապես արտասվեցի։

— Հեռագրիր Մակար աղային, որ շուտով ճանապարհվիր գոնե գա դիակիս հասնի։

— Այս րոպեիս կկատարեմ ձեր հրամանը։

Իրիկնադեմին Աբրահամ աղայի լեզուն կապվեց, իսկ գիշերվա կեսին նա հոգին ավանդեց։ Առավոտյան ես հեռագրեցի Մակար աղային նրա մահվան մասին։ Ես քրքրեցի Աբրահամ աղայի սնդուկն և, բացի հինգ հազարից, ոչինչ չգտա։

— «Այս էլ մի բան է»,— ասացի և դրեցի հինգ հազարը գրպանս։

XI

Աբրահամ աղայի թաղումից անցել էր մի տարի։ Ես գտնվում էի Բաքվում։

Թամարը դեռ տանը նստած էր. նա սպասում էր փեսացուի, բայց փեսացու չկար ու չկար, աշխարհը չորացել էր, իսկ ժամանակը վաղուց էր անցել։ Աղա Գուլամյանցների համար Թամարը մի ծանր բեռն էր դարձել, հարկավոր էր այդ բեռնից մի կերպ ազատվել։

Մի օր Մակար աղան հրավիրեց ինձ յուր առանձնասենյակը։ Հրավիրեց եմ ասում, որովհետև այլևս ինձ ոչ ոք հրամայել չէր կարող, իմ լեզուն երկարել էր, և աղա Գուլամյանցներն այլևս չէին կարող առաջվա նման ինձ հետ վարվել ինչպես մի ստրուկի, մի տնային կենդանու հետ։