— Խրիստաֆոր Սերգեյիչ, համեցեք, նստեք,— դարձավ ինձ Մակար աղան, աոաջարկելով ինձ աթոռ։
Տեսնո՞ւմ եք. կոշկակար Սարգսի տղա «յորղա Խաչին» այժմ Խրիստաֆոր Սերգեյիչ է դառել, և գոռոզ աղա Մակար Գուլամյանցը նրան աթոռ է առաջարկում։ Դե՛հ լվլվի՛ր, Խաչի, ինչպես ձուկը ջրի մեջ։
— Ի՞նչ եք կամենում ասել, Մակար Պետրովիչ,— ասացի ես համարձակորեն, «աղայի» փոխարեն Մակարի պոչին կպցնելով «Պետրովիչը»։
— Ոչինչ, մի փոքր ուզում եմ քեզ հետ ժամանակ անցկացնել։ Ա՜յ տղա, Գալուստ, շուտ արա, սուրճ բեր,— դարձավ նա ծառային։
Ես չհավատացի Մակար աղային, թե նա ինձ հրավիրել է լոկ ժամանակ անցկացնելու համար, Նայելով նրա դեմքին, իսկույն հասկացա, որ անշուշտ մի կարևոր գործ ունի հետս։
Ծառան երկու բաժակ սուրճ բերեց։
— Համեցեք, Խրիստաֆոր Սերգեյիչ, վերցրեք ձեր բաժակը,— դարձավ Մակար աղան հրամանոցս վերին աստիճանի քաղաքավարությամբ։ Որովհետև մինչև այն օրը սովոր չէի Մակար աղայի այդ տեսակ հարաբերության, ուստի խիստ խորթ թվաց ինձ նրա վարմունքը։ Ես շփոթվեցի։ Թեև այլևս ոչինչ կախումն չունեի ոչ ոքից, որովհետև արդեն ապահով էի, բայց, ինը տարի ծառայելով աղա Գուլամյանցներին, ինը տարի ուրիշների հրամանները կատարելով, ինը տարի նրանց ձեռքում հասարակ մեքենայի դեր կատարելով, ես կամա-ակամա կորցրել էի ինքնուրույնությունը, մեռցրել էի իմ սեփական զգացմունքները։
Ընտանեկան և առևտրական զանազան գործերի վրա խոսելուց հետո Մակար աղան կամաց-կամաց խոսակցության նյութը փոխեց։
— Խրիստաֆոր Սերգեյիչ, քանի՞ տարի է, որ դու մեր գործերում ծառայում ես,— հարցրեց նա հանկարծ։
— Անցյալ գարնան ինը տարին լրացավ, այժմ տասներորդն է, — պատասխանեցի ես։