XII
Յոթ տարի է, որ ես, Խրիստաֆոր Սերգեյիչ աղա Առուշանովս, աղա Գուլամյանցների փեսան եմ։ Նստած երկհարկանի սեփական տանս մեջ, իմ առանձնասենյակում, գործերից ազատ ժամանակ, ես երբեմն-երբեմն մտաբերում եմ անցյալը և համեմատում նրան ներկայի հետ։ Հիշում եմ այն աղքատ ընտանիքը, այն պատառոտված ցնցոտիները, ծակ կոշիկները, որ ես հագնում էի այդ ժամանակ, հիշում եմ, համեմատում եմ այժմյան գրության հետ և ինքս ինձ վրա զարմանում։ Հիշում եմ այն օրը, երբ հայրս հրավիրեց յուր բարեկամներին մեր տուն, տեր-Վահակի մոտ ուսումս ավարտելուց հետո իմ ապագայի մասին խորհրդակցելու։ Հիշում եմ դարբին Մարութի տված հիմար խորհուրդը, որ ես արհեստավոր դառնամ, հիշում եմ և իմ այժմյան դրությունը համեմատում Մարութի որդու դրության հետ, որն յուր հոր պես պարապում է դարբնությամբ և կեղտի ու մրի մեջ հազիվհազ քաշքշում է յուր կյանքը։ Հիշում եմ այս բոլորն և փառք տալիս աստծուն, որ չթողեց հորս հետևել դարբնի խորհրդին։ Իսկ ինչ վերաբերվում է մանրավաճառ Թորոսին, որն այսօր մեր քաղաքում առաջին դրամատերն է, նրա խրատներն երբեք չեմ մոռացել և չպիտի մոռանամ։ Մտաբերում եմ նրա հորս ասած խոսքերը. «Տուր Խաչիին մի վաճառականի մոտ գործակատար, և նա շուտով կգտնի փող աշխատելու գաղտնիքը»։
Ես գաղտնիքը գտա, գրավելով աղա Գուլամյանցների հավատարմությունը ներելի և աններելի միջոցներով։
Շատ բաներ եմ արել և արել եմ առանց ինքս ինձ հաշիվ տալու, առանց դիմելու իմ խղճին և նրանից թույլտվություն խնդրելու։ Կեղծավորել եմ, շողոքորթել է ստորացել այն մարդկանց առջև, որոնք ինձանից զորեղ են եղել և որոնցից ակնկալություն եմ ունեցել։ Խաբել, մոլորեցրել եմ ինձանից թույլերին և պակաս խորամանկներին։ Եվ այժմ ոչ ոք չի կարող երես առ երես ինձ հանդիմանել, որովհետև ես փող ունիմ, հարուստ եմ։ Իսկ հետևիցս ով ուզում է և ինչ ուզում է թող խոսե, փույթ չէ։ Առերես ես այժմ ամենից հարգվում եմ, և այսքանը բավական է։