Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտածողության մեջ։ Սակայն այդ երկար չտևեց. հանկարծ նա դիմեց Մարկիչին լուրջ ձայնով.

— Գործարանն այսօր բանե՞լ է։

— Ի՞նչպես չէ, ի՛նչպես չէ, աղա ջան։

— Ո՞վ կա այնտեղ այժմ։

— Ամենքն այնտեղ են: Ես, աղա ջան, զավոդը պորուչիյտ արի գլավնի պրիկաշչիկին մինչև էգուց առավոտը։

— Հը՜մ,— արտասանեց միայն Պետր Ստեփանիչը, կրկին մտածողության մեջ ընկնելով և բեղերը կրծոտելով։ Կարլ Մարկիչը քիչ շփոթվեց։

— Բեզպոկոյիտցա մի՛ լինեք, աղա ջան, ամեն ինչ պորյադկայով կգնա։

— Առավոտը շուտով գնացեք, որ գործարանը չդադարի, եթե ոչ, գիտեք, որ մի օրվա դադարելն ինձ կղրկի հազար մանեթ աշխատանքից,— ասաց Պետր Ստեփանիչը քիչ հրամայական եղանակով, աշխատելով յուր դեմքի հպարտությունը պահել։

Պետք է ասած, որ Պետր Ստեփանիչը մի քիչ սուտ ասաց։ Գործարանն առանց Կարլ Մարկիչի ևս կարող էր վաղը գործել և եթե դադարեր էլ, մի օրվա վնասը երբեք հազար մանեթ չէր կարող լինել։ Բայց նա այդ ասաց առաջինը նրա համար, որ Կարլ Մարկիչի վրա ունեցած յուր իշխանությունը ցույց տա նրա ընտանիքին և երկրորդ, մի օրվա վնասը քսան անգամ ավելի ցույց տալով, յուր հարստությունով մի փոքր փոշի փչի այդ ընտանիքի աչքերին։ Այս պարզ էր, ըստ որում, յուր հրամանը կրկնելուց հետո, նա մի առանձին ինքնաբավականությամբ նայեց բոլորին հերթով, որ տեսնի, ինչ ազդեցություն արին յուր խոսքերը լսողների վրա, իսկ նամանավանդ Կատերինա Կարլովնայի վրա։ Եվ հիրավի նա մասամբ չսխալվեց։

Լսելով նրա խոսքերը, Մարիա Իվանովնան այնպես զարմացավ, որ աչքերը ճլզեց և բերանը բաց մնաց։ «Օրական հազար մանեթ փող է աշխատում. երանի նրան, որ սրա նման փեսա կունենա»,— անցավ իսկույն նրա մտքով, և գլուխը թեքեց կրծքին, ձեռները խաչաձև ծալեց ծոցում և սկսեց ագահությամբ նայել Պետր Ստեփանիչին: Պակաս չզարմացավ և