Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի՞թե։

— Կատարելապես,— գոչեց հրեան և այս անգամ տեղն այնպես ուղղեց, որ այլևս որդիս հարկադրվեց վեր կենալ։

— Ես ասացի, որ մենք միայն մի օր ենք մնալու Վարշավայում։

— Օօ՜, և ո՛չ մի ժամ, ո՛չ մի ժամ չմնաք, պարոն։ Վատ է, շատ վատ այնտեղ։

Եվ բացատրեց, թե ինչու է վատ այնտեղ։ «Ազգերը և դասակարգերը» խառնվել են միմյանց և ոտքի կանգնել։ Փողոցներում ստեպ-ստեպ իջնում է կարմիր դրոշակ։ Նրա գույնը խիստ գրգռում է «ոմանց», ինչպես որսորդի աչքերը օրհասական արջին։ Ատրճանակ, դաշույն, հրացան, ռումբ, լրտեսություն, մատնություն, կողոպուտ— ահա՛ ինչեր են տիրում այնտեղ։ Որտեղ նայում ես— արյո՛ւն։

— Եվ մեծ մասամբ մեր արյունը, հասկանո՞ւմ եք, մե՛րը, ազգերից ամենաբախտավորինը։ Օօ՜, երկու հազար տարի է ծծում են մեր սրբազան արյունը և դեռ չեն կշտացել անիրավները։ Մի՛ գնաք այդ անիծյալ քաղաքը, որովհետև այնտեղ հրեաներ կան։ Առհասարակ փախեք Ռուսաստանից։ Ես էլ ստիպված եմ գնում։ Ընտանիքս Քիշինևից տարա այնտեղ. կարծում էի ավելի ապահով կլինի։ Բայց աստված իմ, աստված իմ, ե՞րբ պիտի վերջապես խելքի գան բռնակալները։

Նա լռեց, ծանր ու երկարատև մի հառաչանք արձակեց կրծքից։ Ապա իր խելոք և խոր թափանցող աչքերը — նրանց մեջ արդեն վառվել էր պատմական վիշտը—դարձրեց դեպի լուսամուտը։

Աղմուկը չէր դադարում։ Այժմ հրեաները զբաղված էին մի տեղ թուղթ խաղալով, մյուս տեղ՝ ուտելով։ Նրանք վիճում էին բարձրաձայն, այնպես որ կարծում էիր, թե ահա, ահա պիտի պայթի կռիվ և պիտի ջարդոտեն միմյանց քիթն ու պռունգը։ Բայց գոռում-գոչումներին հետևում էր բարձրաձայն ծիծաղ, ապա վայրկենական դադար, ապա դարձյալ գոռոցներ և հայհոյանքներ։

Դրսում անձրև չկար, մենք անցել էինք նրա սահմանը։ Կառախումբն արդեն կտրում էր Լեհաստանի դաշտերն ու