— Եվ, հի՜, հի՜, հի՜,— ծիծաղեց Ֆեյլդմանը իր փոքրիկ դեմքը ցցելով օդի մեջ և աչքերը փակելով։
— Ես ունիմ, ա՛հ, ի՛նչ եմ ասում, ունեի անիծված քաղաքներից ամենաանիծյալ Օդեսայում պատրաստի հագուստեղենի և մաշկեղենի խանութ։ Ի՛նչ խանութ, ահագին մագազին Էր, հինգ աչք ուներ, մեծ հայելի ապակիներով։ Բայց առաջ ես մի հասարակ դերձակ էի — այս է գլխավորը։ Ունեի մի փոքրիկ ցածր խանութ, որ գտնվում էր քաղաքի մեծ փողոցներից մեկում, մի հարուստ մագազինի մոտ։ Այդ մագազինի տերն էր Սերգեյ Պախոմովիչ Ադրինցևը։ Վաճառում էր նա պատրաստի հագուստեղեն, մաշկեղեն և զանազան ասվյա կտորներ։ Ախ, երանի ես հարևան չլինեիէ չտեսնեի այդ հարստությունը և չմոլորվեի։ Ով գիտե, գուցե այն ժամանակ ավելի բախտավոր կլինեի։ Ֆե՛յլդման, այնպես չէ։
— Աստված մեզանից լավ գիտե, ինչ որ եղավ, պետք է լիներ,— ասաց Ֆեյլդմանը, բառերը կոտորակների նման օդն արձակելով։
— Ծխի՛ր։
Հարևանս վերցրեց իր ընկերոջ առաջարկած ծխախոտը, վառեց և շարունակեց․
— Այդ Ադրինցևը Օդեսայի գազաններից մեկն էր։ Ապրանքը վաճառում էր իր ուզած գնով, ապառիկ ոչ ոքի չէր տալիս, միևնույն ժամանակ գնողների հետ վարվում էր կոպիտ։ Մարդը կուշտ էր, կարիք չուներ ուրիշներին շողոքորթելու։ Բայց գլխավորն այն է, որ մաշկեղենի առուտուրի մեջ մրցակից չուներ։ Ապրանքն ստանում էր առաջին ձեռքից։ Սիբիրի բոլոր նշանավոր վաճառականների հետ անմիջական հարաբերության մեջ էր։ Մի խոսքով, հսկա էր, գոնե իմ աչքում։ Իսկ ես․․․ ես մի քոսոտ ջհուդիկ էի․․․ դերձակ։ Ճշմարիտ է՞, Ֆեյլդման։
— Աստծու օրենքի պես։
— Խանութս պարոն Ագրենցևի մագազինին կպած էր, ի՞նչ ասեմ, ինչպես մի կեղտոտ կարկատան մի նոր և փառավոր մուշտակի։ Այս բանը նրան դուր չէր գալի ու նա ուզում էր ինձ դենը շպրտել, բույնս քանդել, մեծացնել և միացնել իր մագազինին։ Բացի դրանից, նա չափազանց ատում էր մեր ցեղը, աչքով աչք չուներ մեզ տեսնելու։