կյանքը։ Աա՜, դուք կարծում եք, որ մենք վաճառականներ լինելով՝ իսկի բան չենք հասկանում սոցիալիզմից։ Ո՞վ է նրա առաջին մարգարեն։ Դարձյալ մի հրեա։ Իսկ սիոնի՜զմը։ Աա՜, այժմ այլևս չե՞ք ծաղրում, ով քրիստոնյաներ։ Սպասեցեք, ամբարտավաններ, եթե հին Երուսաղեմը չգրավենք, նորը կկառուցանենք...
— Մի միլիարդ չորս հարյուր միլիոն դրամագլուխ ունեինք Ամերիկայում և Անգլիայում,— մեջ մտավ Ֆեյլդմանը,— թող այժմ էլ ասեն, թե հրեան գծուծ է, հի՛, հի՛, հի՛։ Մենք կստիպենք ձեզ հարգել մեզ, կստիպենք, հի՛, հի՛, հի՛…
— Կաց, Ֆեյլդման,— փոխեց եղանակը Այզելմանը,— ես բոլորն ասացի։ Ա՛հ, ներեցեք, պարոն, սիրտս լիքն էր։ Գիտեմ, դուք այն քրիստոնյաներից չեք, որոնց հետ խոսելն երկյուղալի է։ Այնպես չէ՞, Ֆեյլդման, հայերը բարեկամներն են, մենք պատմական եղբայրներ ենք։ Ագրինցև,— գոչեց նա, նորից տաքանալով,— հիշում եմ այսօրվա պես այն վիրավորանքը, որ դու ինձ հասցրիր։ Պարոն, լսա՞ծ եք Ուռուսով իշխանների մասին։ Նշանավոր մարդիկ են։ Մի օր նրանցից մեկին ծախեցի մի օձիք և մի զույգ թևեր հազար երկու հարյուր ռուբլով։ Նա Ագրինցևի կթան կովն էր, իմ ձեռքն ընկավ, որովհետև Ագրինցևը չէր կարողացել լավ շոյել նորին իշխանության սիրտը։ Բայց օհ, այդ հազար երկու հարյուր ռուբլին ինձ որքա՜ն տանջանքներ տվեց։ Պատմեմ, տեսեք։ Հենց նույն օրերը ես ընտրվել էի տեղական ժողովարանի անդամ։ Երեկո էր. ես կնոջս և մի երկու ծանոթներիս հետ ընթրում էի սեղանատանը։ Մեզանից ոչ հեռու, մի ուրիշ սեղանի մոտ նստած էր Ագրինցևն իր ծանոթների հետ։ Նա հարբած էր և բարձր ձայնով պարսավում էր հրեաներին. այսպես են, այնպես են։ Սովորական զրպարտություննե՛ր։ Մեր սեղանի մոտ կար մի տաքարյուն փաստաբան։ Չհամբերեց մարդը, բողոքեց։ Եվ նրա ու Ագրինցևի մեջ վեճ բացվեց։
— Քեզ ով է խոսեցնում, որ մեջ ես ընկնում,— գոռաց Ագրինցևը։
— Դուք պարոն,— ասաց սեղանակիցս,— ի՞նչ իրավունքով եք զրպարտում մեզ։