Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ վիրավորում: Տեսնում ես, որ գնողը, հետդ խոսելիս, երեսիդ էլ չի նայում, խոսում է եզակի դեմքով, ինչպես սպասավորի հետ: Գրո՜ղը տանի, ով գիտե, ինչ-որ նախկին սպա է կամ պաշտոնաթող և գողության մեջ բռնված ինտենդանտ, կամ սրա պես մի խրտվիլակ: Գոհություն աստծու, այսպիսիների թիվը մեծ է սքանչելի Ռուսիայում: Ես մտածում էի՝ թող գոռոզանա, փքվի, մի օր կտրաքվի։ Ես կշոյեմ առայժմ նրան, միայն թե ինձանից մի բան գնե։ Եվ ձերդ պայծառափայլություն, «ձերդ գերազանցություն, ազնվություն» և այլն, ինձ համար այնքան սովորական էին, որքան ռուս զինվորի բերանում «լսում եմ»։ Սակայն չնայելով այս բոլորին, երբեմն լսում էի այնպիսի վիրավորիչ խոսքեր, որոնք արյունս էին բորբոքում։ Օօ, քանի՜-քանի անգամ են երեսիս շպրտել—«անհավատ, հեթանոս, կապիկի դունչ, քոսոտ շուն» և այլն, և այլն։ Այզելման, կուլ տուր մանկությունից սկսած մինչև գերեզման, որովհետև կուլ է տվել քո հայրն էլ, քո պապն էլ, քո ամբողջ ցեղը, դարե՜ր շարունակ։

— Ա՜խ, քրիստոնյա պարոն,— գոչեց նա, հանկարծ բորրոքվելով և տեղից վեր թռչելով,— երկու հազար տարի է մեզ հայհոյում եք և անարգում, ի՞նչ եք առաջացրել, ասացեք: Եվ ո՞վքեր են անարգում, Աբրահամի և Մովսիսե աստված, բոլոր աստվածներից վեհը։ Մարդկության տականքը— կաշառակեր պաշտոնյաները, գող գանձապետները, լրտեսները, արբշիռները, որդերը, աղբակույտի ճանճերը, կոյանոցի սողունները։ Արարածնե՜ր, որոնցից գեհենը պիտի գարշի և Կայենը զազրի։ Մարդասեր Եհովա, գոռոզանում են իրենց խաչով, չեն ուզում հասկանալ, որ այդ խաչը մենք ենք կառուցել: Հալածում են մեզ մի մարդասերի անունով, և չեն ուզում հասկանալ, որ նա ինքն արյան գնով կռվել է հալածանքի դեմ։ Ես հարցնում եմ, ո՞ւր էին այդ քրիստոնյաները, երբ մենք պաշտում էինք իսկական աստծուն, երբ դավանում էինք կրոններից բարձրագույնը, երբ անեինք իմաստուններ և մարգարեներ... Գլուխներ ենք տվել աշխարհին, որոնց միշտ պիտի երկրպագություն տաք, ով գոռոզներ և ամբարտավաններ։ Ահա՛ հենց այժմ, սկսվել է մի մեծ շարժում, որ պիտի տակնոսէրա անի մարդկության