Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քրիստոնյային պիտի մերկացնեմ և փողոցները ձգեմ։ Նա անարգում է իմ ազգը, ընտանիքը, հավատը, իմ բոլոր սրբությունները: Ես նրան պիտի կործանեմ»։

Եվ կործանում էինք, պարոն, կարծու էինք այդ Սերգեյ Պախոմովիչ Ագրինցևին: Օ՜օ, այնպես արագ, որ ես ինքս էլ զարմանում էի: Նա ատամները կրճտում էր և երկար փառահեղ միրուքը փետում։ Մենք նրան հարկադրել էինք արդեն ապրանքը ապառիկ բաց թողնել։ Բայց ամեն մարդու բան չէ, պարոն, ապառիկ ծախելը։ Ողորմելին չգիտեր, որ շատ անզգամ գոռոզ արտաքինի և շքեղ հագուստի տակ թաքնված է ինքը չքավորությունը։ Եվ տալիս էր այդպիսիներին ու կորցնում էր անիրավը...

Այնուհետև մենք նրան ստիպեցինք ապրանքի գինը իջեցնել 20 տոկոսով։ Այս էլ մի մեծ հարված էր նրա համար, որովհետև մենք գիտեինք ապրանքն ավելի էժան գնել և ավելի էժան տեղափոխել։ Մի խոսքով, առաջին անգամ նա կորցրեց տասնհինգ հազար և այնուհետև սկսեց խելքն էլ կորցնել: Իսկ ծախսերը չէր պակսեցնում։ Եվ ինչպե՜ս էր ծախսում, աստված իմ։ Սեփական կառք ուներ, Մոսկվայից բերել տված, որ սև մարմարիոնի պես էր փայլում արեգակի տակ։ Նժույգներ ուներ, որոնցից ամեն մեկն արժեր հազար հինգհարյուր ռուբլի։ Եվ խմում էր. սիրում էր ուրիշներին էլ հրավիրել։ Մի երեկո կլուբում երաժիշտներին և ծառաներին հարբեցրեց կոնյակով։ Իսկ կինը, տեր աստված, կինը, մի սաժեն բարձրություն ուներ, մի արշին լայնություն, փոքրիկ նեղ աչքերով, կատարյալ մոնղոլուհի։ Շատ էր սիրում մեծամեծներին։ Ամիսը մի կամ երկու անգամ երեկույթներ էր սարքում։ Ինքը նահանգապետի կինը չէր մերժում նրա հրավերը։ Դե, իհարկե, այդպիսի մի բարձրաստիճան հյուրին խոմ չէր կարելի տապակած ձկով կամ երշիկով հյուրասիրել։ Շմուլ Մոզերը, ձեռքերը միմյանց քսելով, հրճվանքով կրկնում էր։

— Բարեկամդ անդունդն է գլորվում...

Եվ գլորվում էր։

Նույն ժամանակներն ես օր ու գիշեր հանգիստ չունեի։ Որքան հաջող են գնում հրեայի գործերը, այնքան նա քիչ է քնում։ Զարթնում էի, պարոն, վեց ժամին, յոթին արդեն մագազինումս էի։