Կողպում էինք տասներկու ժամին։ Իսկ Ագրինցևը փաշա էր․ գալիս էր մագազին տասնմեկից ոչ առաջ և երեկոյան ութ ժամին արդեն թղթախաղի սեղանի մոտ էր։ Սիրուհիներ պահելը վաղուց գիտեինք։ Դեռ մի փոքրիկ սկանդալ էլ պատահեց, որը ծածկելու համար նա կաշառեց ոստիկանապետին։ Գործակատարների հաշիվները չէր քննում: Եվ գողանում էին անիրավները։
— Ես գնում եմ, Այզելման,- ընդհատեց հարևանիս խոսքը Ֆեյլդմանը, երբ կառախումբը կանգ առավ։
Ծերուկը բեռնավորվեց իր բազմաթիվ կապոցներով և մեզ գլուխ տալով չքացավ։
— Այժմ,— շարունակեց հարևանս,— ես մոտենում եմ պատմությանս կորիզին։ Լավ լսեցեք, պարոն, տեսեք ձեր քրիստոնյաներն ինչպես են վրեժ առնում մեզնից։ Ագրինցևն այժմ հարբում էր շուտ-շուտ։ Ոչինչ, այդ սովորական բան է Ռուսիայում, չէ՞ որ նա տարենը մի քանի անգամ Մոսկվա էր գնում։ Լսում էի նրա գոռոցները գործակատարների վրա։ Եվ ի՜նչ խոսքեր, աստված իմ։ Երբեմն մինչև անգամ ծեծում էր խեղճերին։ Բայց պետք է խոստովանել, հետո փող էր բաշխում նրանց։
Մի օր ճաշից հետո, Ագրինցևը հանկարծ մտավ մեր խանութը։ Առաջին անգամն էր պատիվ անում մեզ։ Նկատեցի իսկույն, որ բարեկամս բավական թրջված է և մի քիչ օրորվում է։ Գործակատարներիս աչքով նշան արի զգույշ մնալ։ Իսկ Շմուլ Մոզերին խնդրեցի բնավ չխոսել։ Շատ թունավոր լեզու ունի անպիտանը։ Բարեբախտաբար, օրվա այն միջոցին էր, երբ գնորդներ չեն լինում։
Ագրինցևը ներս մտնելով, կանգ առավ դռների մոտ ձեռքերը դրեց պանթալոնի գրպանները, հետո փորը դուրս ցցեց և արտասանեց.
— Զալինկին Զուխտո՜ւմ։
Իբր թե ծաղրում էր մեր աղավաղած եբրայերենը, որով երբեք չէինք պարծենում։ Ես պատասխանեցին։
— Милостиво просим!
— Այզելման, ուզում եմ խոզաբունդ տեսներ։
— Համեցեք,— ասացի ես քաղաքավարի,— բնավ