Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի համապատասխանում։ Նրանք քաջ են միայն խեղճերի համար։ Ռաբինովիչի ատրճանակը սանձահարեց նրա լրբությունը։ Այնուամենայնիվ, վերջին խոսքը նա ասաց, դառնալով ինձ.

— Ես, ինչպես իմ տերության հավատարիմ հպատակ և ուղղափառ քրիստոնյա, պարտքս կհամարեմ հայտնել ում հարկն է։

— Ի՞նչ հայտնել, պարոն,— հարցրեց Շմուլ Մոզերը։

— Այն, որ ձեր այս խոզաբունը լիքն է հեղափոխականներով։ Աա՛, անպիտաններ, ուրեմն հայր Վլադիմիրը զուր չի ասում, թե դուք խորշում եք ուղղափառներից: Դուք «գոյ» եք անվանում մեզ, ձեր թալմուդը մեզ պիղծ է կոչում։ Աա՛, մենք պի՞ղծ ենք։ Եթե պիղծ ենք, ապա ինչո՞ւ համար եք ձեր պասեքին գողանում մեր երեխաներին, սիրտը ծակում և արյունը քամում, որ ձեր «մացա»-ին խառնեք, աա՞, ասացե՛ք։

Ո՞վ կարող էր այդ խելացնորին համոզել, որ այդ բոլորը զրպարտություն է։ Նա գոռում էր ու պնդում ասածը։ Վերջապես, հարևաններս ազատեցին մեզ նրանից։

Հետևյալ օրը խուզարկեցին ոչ միայն Ռաբինովիշին, այլև ինձ, Շմուլ Մոզերին, բոլոր գործակատարներիս թե՛ տանը և թե մագազինում։ Իհարկե, ոչինչ չգտան։ Բայց այդ բանը բավական վնաս տվեց մեզ: Քաղաքական ահաբեկությունը այն ժամանակ մեծ էր, մարդիկ վախենում էին իրենց ստվերից։ Ոչ միայն գնողներս պակասեցին, այլև բանկերում սկսեցին մեզ վրա ծուռ աչքով նայել...

Շմուլ Մոզերն ինձ մխիթարում էր.

Մի՛ վախենար, մեր բանը շուտ կդրստվի, բայց Ադրինցևի գործերը շատ վատ են, քանի որ այդպիսի միջոցների է դիմում։

Նա իրավունք ուներ. շուտով այդ երևաց։ Հիմարությունն առհասարակ ինքն է իր համար փոս փորում։ Ագրինցևը, տեսնելով, որ մեզ չբանտարկեցին, լուր տարածեց, թե մենք կաշառել ենք ոստիկանությանը։ Կաշառելը, պարոն, հրեաների քաղաքացիական պարտականություններից մեկն է: Բայց քաղաքական գործերում մենք զգույշ ենք...

Լուրը հասավ ոստիկանապետին, հետո նահանգապետին։