Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չար չէ: Որքան էլ կատաղի, սիրտը բարի է, ոխ պահել չգիտե: Ես անցյալը մոռանում եմ, դու էլ մոռացիր, աա՞...

— Սերգեյ Պախոմովիչ, ես ձեր դեմ ոխ չունիմ, կարող եք հանգիստ լինել,— ստեցի ես մի փոքր:

— Աա՜, այդպե՞ս, շատ լավ, շատ լավ։ Ուրեմն, ես քեզ ներում եմ։ Թողնենք այդ։ Դատարկ բան է։ Չարժե խոսել անցյալի մասին։ Մեր կյանքը գետ է, երբեք ետ չի դառնում, մեր հոգին էլ այսպես պիտք է լինի։ Աա, դու ուզում ես ասել, որ քեզ մի քանի անգամ հայհոյե՞լ եմ։ Ի՞նչ կա. այժմ դու կարող ես ինձ հայհոյել։ Կլսեմ։ Դրանից իմ հոր ոսկորները գերեզմանում տրեպակա չեն պարիլ։ Այզելման ես եկել եմ առաջարկելու ահա թե ինչ. արի ընկերանանք և միասին տանենք մեր գործը։ Աա՛, ի՞նչ կասես։

— Ընկերանա՛նք, դու և ե՞ս, Սերգեյ Պախոմովիչ։

— Այո՛, հենց ես ու դու, ի՞նչ կա։

Մարդը կատակ չէր անում. ես էլ լուրջ խոսեցի։

— Բայց ես մի պիղծ ջհուդ եմ, Սերգեյ Պախոմովիչ, մի կեղտոտ և հոտած անհավատ։ Եվ ինչպե՞ս դուք, ուղղափառ քրիստոնյա, կարող եք ձեզ ստորացնել, ընկերանալով ինձ հետ:

— Դե, լա՛վ, մի ծաղրիր ինքդ քեզ, լավ չէ. ազգային պատվի զգացում ունեցիր։

— Բայց ի՞նչ կասի հայր Վլադիմիրը, եթե ես ունենամ ազգային պատվի զգացում։ Նա չի՞ գժվի, երբ մեր խանութի ճակատին կկարդա միասին գրված «Ագրինցև և Այզելման»։ Աա՞, նա ձեզ կանիծի, այդ բարեպաշտ քրիստոնյա հայրը...

— Հայր Վլադիմիրին ես ուղարկեցի սատանաներին, այլևս նա իմ տուն չի գալիս:

— Հասկանում եմ. այլևս փորը չի կարող կշտացնել ձեր տանը։ Խելոք մարդ է, ուրեմն...

Ագրինցևը հասկացավ իմ վիրավորանքը և կուլ տվեց:

— Հը՛, ասա,— շարունակեց նա,— ե՞րբ ենք պայմանագիրը ստորագրում: Ասում ես պիղծ ջհուդ ես։ Ես էլ այդ մասին շատ եմ մտածել, բայց և այնպես վճռել եմ ընկերանալ։ Ի՞նչ անենք, ջհուդներն էլ ինձ նման մարդիկ են։ Իսկապես ես նրանց դեմ ոչինչ չունիմ։ Կարող են իրենց սինագոգում որքան