ձեր ուղղափառ քրիստոնյաները ձեզ չեն օգնում, ե՛ս կօգնեմ։ Լսեցեք, ես ձեզ կընդունեմ ինձ մոտ դռնապան․․. Կնշանակեմ ամսական քսանուհինդ ռուբլի ռոճիկ, որ ինձ պահպանեք խուլիգաններից։ Ուտելիքդ էլ կտամ։ Մի՛ վախենաք, ես ձեզ սոխով և ապխտած ձկով չեմ կերակրիլ։ Այն ես կշարունակեմ ուտել։ Ես ձեզ կտամ ձեր բորշչը, կվասը և սիվուխան...
Հարվածս զորեղ էր։ Ագրինցևը վայրկենաբար գունատվեց։ Նրա ուռած երեսն ավելի այլանդակվեց։ Երկյուղալի էր նա։ Բռունցքները սեղմելով հարձակվեց վրաս։ Բայց նույն վայրկյանին երկու առողջ երիտասարդական ձեռքեր բռնեցին նրան ետևից։ Ռաբինովիչն էր, որ ուզում էր դուրս վռնդել այդ կեղտն իմ խանութից։ Ես դարձյալ թույլ չտվեցի։
ներս մտավ Շմուլ Մոզերն, և մի վայրկյանում բոլորը հասկացավ։
Ագրինցևն ուշքի եկավ, սթափվեց։ Այն ժամանակ կատարվեց ուրիշ տեսարան։ Նա մոտեցավ ինձ, այս անգամ ընկճված և խեղճացած։
— Ասա՛,— գոչեց նա տարօրինակ ձայնով,— ասա՛, ի՞նչից եք ստեղծված դուք, ջհուդներդ։ Ասա՛, ինչի՞ց։ Մի՞թե միևնույն նյութից, որից ես և ուրիշները։ Ասա՛, ի՞նչից են շինված քո գլուխն ու քո լեզուն, քո աչքերը, քո ձեռքերը, ոտքերը։ Ինչո՞ւ քո լեզուն ավելի լավ է խոսում, ինչու դու ինձանից լավ ես տեսնում, ինձանից լավ լսում։ Ինչո՞ւ կիսիս չափ չկաս— տասն իմ չափ եռանդ ունիս։ Ինչո՞ւ դու ոտքով ավելի արագ էիր կատարում գործերդ, քան ես կառքով։ Ինչո՞ւ դու կարողանում էիր առավոտներն ինձանից ավելի վաղ զարթնել, գիշերները ինձանից ուշ քնել։ Ինչո՞ւ դու գիտեիր գուշակել, թե մի տարի հետո, որ ապրանքն է թանկանալու որն է էժանանալու։ Ինչո՞ւ դու բոլոր վաճառականների գործերին տեղյակ էիր, իսկ ես իմ հաշիվներին էլ վերահասու չէի։ Ասա, ի՞նչ կա քո աչքերի մեջ, որ այդպես լավ են տեսնում։ Ասա, որ ես դուրս գջլեմ եղունգներովս։ Ասա, ի՞նչ կա քո ականջների մեջ, որ այնպես լավ են լսում հեռվից։ Ասա, Այզելման, ինչո՞ւ դուք հրեաներդ անհաղթելի եք։ Ինչո՞ւ ձեզ ոչ ծեծն է ցավ պատճառում, ոչ հալածանքը