Նա ասում էր, որ ամեն մի հրեա պիտի սովորի զենքով պաշտպանել իր կյանքը և ինչքը։
Ահա մոտեցան խռպոտ բղավող ձայները։ Լսվեց քաղցած և կիսամերկ խուժանի դիվային քրքիջը։ Ես ու Շմուլը սարսափից կուչ եկանք պատի տակ։ Ռաբինովիչը հանեց գրպանից մի ատրճանակ և պահեց ձեռքում։
Մոտ մի ժամ տևեցին աղմուկը, կողոպուտը, կոտորածը մեր փողոցում։ Բայց մեր դռները դեռ անշարժ էին։ Հետո մի քանի րոպե տիրեց չարագուշակ լռություն։ Լսում էին միայն բազմաթիվ քայլերի ձայներ։ Շմուլ Մոզերը կարծեց, որ մենք փրկվեցինք։ Ես մոտեցա դռներին, նայեցի նրանց արանքով դուրս։ Սիրտս ասում էր, որ այնտեղ պատրաստվում էր մեր դեմ մի վատ բան։ Եվ ահա ինչ տեսա, փողոցի մեջտեղում կանգնած էր Ագրինցևը, ձեռքում մի շիշ օղի։ Նա գոռաց.
— Անիծվածնե՜ր, ո՞ւր եք փախչում։ Զորքի՞ց եք վախենում։ Շարունակեցեք, ոչ ոք ձեզ չի խանգարիլ։ Այս կողմն եկեք, ո՞ւր եք վազում, ավանակնե՜ր։
Հետո շարունակեց.
— Ահա՛, լակեցեք այս շիշն էլ։ Չորրորդն է, վերջին հինգ ռուբլիս եմ ծախսել։ Լակեցե՛ք։ Քա՛ջ եղեք։ Խփեցե՛ք, կոտրեցե՛ք դռները։ Սնդուկը ոսկով լիքն է։ Այստե՜ղ, մի՛ հեռանաք, ապուշներ։ Լսու՞մ եք։ Էէ, ի՞նչ շքեղ ցուցանակ ունի։ Մտեք ներս, տեսեք։ Ամենքիդ մի բան կհասնի։ Բայց ձեռք չտաք այն մեկին, մորուքավորին։ Կբռնեք և ինձ կհանձնեք։ Նո՛ւ, սկսեցեք, շան զավակներ։ Մեկ, երկու, երեք, հուռա՜, կեցցե՜…
Խուժանը կրկնեց «հուռա» և «կեցցե»…
Շմուլ Մոզերը գոռաց.
— Այզելման, մագազինը կորած է, գոնե մեր գլուխներն ազատենք։ Բայց այլևս ուշ էր։ Դռները դղրդացին և խորտակվելով ընկան մայթերի վրա։ Աչքերիս առջև բացվեց մի տեսարան, որ եթե երազումս տեսնեի, արյունս պիտի սառչեր երակներիս մեջ։ Բայց հուսահատությունը ինձ տվել էր տարօրինակ քաջություն, ես չվախեցա։ Մոտ հարյուր սրիկաներ Ագրինցևի ղեկավարությամբ ներս խուժեցին, փայտերով,