Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կացիններով զինված։ Կային և կանայք ու պատանիներ։

Ես փորձեցի կաշառել խուժանին փողով, որ մագազինս չկողոպտեն։ Բայց ո՞վ էր լսում։ Այդտեղ միայն Ագրինցևի ձայնն էր ազդու։ Սրիկաներն ինձ հրեցին ներս, և այդ պահին լսվեց ատրճանակների ձայն։ Խուժանը մի վայրկյան ետ մղվեց գոռալով.

— Ռումբ, ռումբ...

Բայց ռումբ չկար։ Դա Ռաբինովիչի ատրճանակն էր, որ սրիկաներից մեկին թավալեց դռների մեջ։

Առաջ բռնեցին Շմուլ Մոզերին։ Բռնողը մի հաղթանդամ կին էր Մեհերայի ահռելի կերպարանքով։ Նա գոռում էր.

— Ես քեզ պիտի կենդանի այրեմ։

Եվ ձգեց ընկերոջս ամբոխի ձեռքը։ Բայց Շմուլ Մոզերին մահ չէր վիճակված։ Նրան քաշքշեցին, ծեծեցին, ոտնատակ արին, բայց և այնպես ազատվեց։ Կապկի ճարպկությամբ դուրս պրծավ տասնյակ ձեռքերից, պատառոտված հագուստով, ջարդված կողերով և փախավ մագազինի ետևի դռներով, թողնելով հատակի վրա արյան հետք։

Շրջապատեցին Ռաբինովիչին: Նա դատարկ էր արդեն ատրճանակը և դարձյալ մեկին սպանել և երկուսին վիրավորել։ Զենքը խլեցին ձեռքից, և մեկը սկսեց նրա կոթով զարնել թշվառի բաց զլխին: Այս բոլորը տևեց մի քանի րոպե միայն։ Խուժանն արդեն կողոպտում էր ունեցածս։ Ես տեսա ազնիվ գործակատարիս այլանդակված դիակը փողոց շպրտվելիս։ Նրա գանգը երկու կտոր էին արել կացնի հարվածով։ Թշվա՜ռ մայր... Նա այժմ թափառում է փողոցներում ցնորված...

— Աա՜, վերջապես, դու իմ ձեռքումն ես,— լսեցի ես Ագրինցևի ձայնը այն ժամանակ, երբ մի թեթև հույս կար ամբոխի ձեռքից ազատվելու,— ո՞ւր ես ուզում փախչել։

Նրա հուժկու ձեռքերն ինձ սեղմեցին պատին։ Ի՛նչ թաքցնեմ, պարոն, ես նրան խոստացա բոլորը, ինչ-որ ունեի, միայն թե կյանքս ինձ թողներ։ Ես ստորացա այդ սինլըքորի