Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրապարակում տիրում էր մի տեսակ իրարանցում, որ վերջին ամիսները դարձել էր սովորական։ Ոստիկանների մի ահագին խումբ, գավթապահների օգնությամբ ցրում էր ամբոխը, որ բոլոր մերձակա փողոցներից դիմում էր դեպի հրապարակ։

— Իսկի չարժե մտիկ անել,— ասաց Միսակը. ձեռը շարժելով օդի մեջ,— դատարկ բան է։— Քարվանսարայի ծույլ գործակատարները գործադուլ են արել։

— Էլի՞։

— էլի,— շարունակեց Միսակը, կանգնելով եղբոր առջև,— ստիպում են խանութները փակել։ Իսկ ոստիկանները պահանջում են բաց անել։ Խեղճ վաճառականները հա, հա, հա, երկու կրակի մեջ են։ Դես են նայում՝ հարված են ստանում, դեն են նայում՝ ապտակ։ Մի պառավ կնիկ աչքերիս առջև ընկավ ձիերի ոտների տակ և լավ ճխլտվեց։

— Ինչո՞ւ։

— Որդին գործակատար է, ապստամբվողներից մեկն է։ Մայրն ուզում էր նրան ազատել ոստիկաններից։ Ինձ էլ մի քանի հարվածներ հասան։

— Հետո՞, ի՞նչ պատահեց այն պառավ կնոջը,— հարցրեց Արամը, հակառակ իր կամքի, երեսը դարձնելով եղբորը։

— Ազատվեց։ Եվ գիտե՞ս ում շնորհիվ, այ, քո հարազատ եղբոր, Միսակ Առաքելովիչ Դաբաղյանի։ Այո, գնդակի արագությամբ ընկա ձիերի մեջ, դես հրեցի, դեն հրեցի, վերցրի գետնի վրա փռված պառավին և դուրս բերեցի ամբոխի միջից: Հենց այդ Ժամանակ ինձ հասան մտրակի հարվածները։ Ախ, ինչպես են զարկում, ինչպես, աստված ազատի։ Արամ, Արամ, շատ վատ ժամանակներում ենք ապրում։ Մարդու կյանքը բոլորովին ապահով չէ։ Եթե խելք ունես, իսկի գլուխդ բնիցդ դուրս մի հանիր։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Եթե չես հասկանում, վայ քո գլխին, վայ քո կնոջը, երեխաներին ու արհեստանոցին։ Ես շատ մոտիկ բարեկամ մարդու մի քանի անգամ զգուշացրի, ուշադրություն չդարձրեց։ Այժմ նա կամրջի գլխի պալատումն է։ Գիտե՞ս ինչ եմ ասում, եղբայր պատվական։ Փորձանք եկավ գլխին. ինքն է մեղավոր։ Առհասարակ այդ գործում փորձանքի մեջ ընկնողները բոլորն