Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ իրանք են մեղավոր։ Այո, ժամանակները վատացել են, շատ են կատաղել։ Տուր շուտով երեք ռուբլի։

Մինչ Միսակը բարբառում էր, Արամը ուշադիր դիտում էր նրա կարմիր-կապտագույն թորշոմած դեմքը։ Այդ անբնական փքված այտերը, թերթերունքներից զրկված կոպերը, արյունալի պլզած աչքերը, թարախով լի բշտիկներով ծածկված քիթն ու ճակատը կրում էին ոչ միայն ոգելից ըմպելիքների կործանիչ ազդեցությունը, այլև մի սոսկալի մարմնավոր ախտի զզվելի դրոշմը։ Դա անգործ, արբշիռ շրջմոլիկի մի տիպար էր, փողոցի սեփականություն։ Մեկն այն թշվառներից, որոնց անողոք ճակատագիրը քաշում է դեպի կյանքի ստոր խորշերը, որպեսզի այնտեղ ոչնչացնի նրանց անհետք, ինչպես անբնական անասունների։

Արամը շաբաթը մեկ անգամ տեսնում էր այդ եղկելի կերպարանքը իր արհեստանոցի դռների առջև կանգնած սովորական տուրքին սպասելիս։ Տեսնում էր նրա օր-օրի վրա վայր ու վայր ընկնելը և ցավում էր ու վշտանում, որպես կարող է վշտանալ միևնույն արգանդից ծնված եղբայրը։ Նա վաղուց էր իր եղբորը համարում կորած և վաղուց էր դադարել համոզել նրան հետ դառնալ դեպի անդունդ տանող ճանապարհից, մի անգամ առմիշտ համոզվելով, որ ոչ մի խրատ և ոչ մի քարոզ չի կարող փրկել նրան։ Հարբեցողությունը, սուտը, անամոթությունը, խաբեությունը, ծուլությունը այդ մարդու մեջ գտել էին հավիտենական բուն։ Վերջին ժամանակները նա սկսել էր մինչև անգամ գողություն անել, թեև այնքան զգույշ, որ դեռ ոստիկանության ձեռքը չէր ընկել, կամ գուցե ընկել էր և դուրս պրծել... սովորական ճանապարհով։ Այս բոլոր ախտերը հայտնի էին Արամին, և նա դեռ եղբայր էր համարում նրան, դեռ օգնում էր նրան… կարեկցությունից դրդված։

Իսկ այժմ… Այժմ պատահել էր մի բան, որի հետ չէին կարող հաշտվել Արամի զգացումները։ Նա նայեց եղբոր կարմրած աչքերին, որոնց իմաստն այսօր առաջին անգամ թվաց նրան այնչափ կասկածելի և հրող, ու զգաց դեպի նա նոր տեսակի ատելություն։ Ատելություն, որ խառն էր սուր զզվանքի հետ։ Այն մարդը, որ մինչև այժմ նրա մեջ